Ուրբաթ , Նոյեմբեր 24 2017
Գլխավոր / ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ / ՍԿԱՆԴԻՆԱՎՅԱՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԱՍՏՎԱԾՈՒՀԻ ՖՐԵՅԱՆ. ՎԱՆԱԴԻՈՒՄ (շարունակություն)
Աստվածուհի Ֆրեայի (այլ անունը՝ Վանադիս) նկարը

ՍԿԱՆԴԻՆԱՎՅԱՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԱՍՏՎԱԾՈՒՀԻ ՖՐԵՅԱՆ. ՎԱՆԱԴԻՈՒՄ (շարունակություն)

(Սկիզբը կարդացե՛ք ԱՅՍՏԵՂ)

Աստվածուհի Ֆրեայի (այլ անունը՝ Վանադիս) նկարը

Վանադիումը և կյանքը– Հետաքրքիր է, որ որոշ ծովային բույսեր և կենդանիներ` գալատուրները, ասցիդիները, ծովային ոզնիները, շրջակա միջավայրից վանադիումը կուտակում են մարդու համար անհայտ ուղիներով: Գիտնականներն կանխատեսում են, որ այդ կենդանիների օրգանիզմներում վանադիումը կատարում է նույն ֆունկցիան, ինչը երկաթը մարդու և բարձրակարգ կենդանիների արյան մեջ, այսինքն օգնում է կլանել թթվածինը, կամ ինչպես ասվում է` շնչել: Հայտնի է, որ արյան մեջ գալատուրիան պարունակում է մեծ քանակությամբ վանադիում, իսկ տարբեր բազմազանության ասցիդներում այդ տարրի կուտակումը արյան մեջ միլիարդ անգամ գերազանցում է նրա պարունակությունից ծովային ջրում: Աստիցիդի արյան կառուցվածքը նման է հեմոգլոբինի կառուցվածքին, որտեղ պորֆիրինային չորս հիմքերի հետ կապված է վանադիումը: Աստիցիդի արյունը V(III) և V(IV) աղերի 0.1-0.2 Մ-անոց լուծույթ է, որում տեղի ունեցող օքսիդացման-վերականգնման ռեակցիաների արդյունքում ապահովվում է թթվածնի տեղափոխությունը: Այլ գիտնականներ հակված են այն կարծիքին, որ գոլոտուրի արյան մեջ վանադիումի դերը համեմատական է մագնեզիումի դերին քլորոֆիլի մեջ, այլ խոսքերով, վանադիումը մասնակցում է ոչ թե շնչառության, այլ սնման պրոցեսում:

Վանադիում կա նաև ցամաքային օրգանիզմներում: Նրանցից մեկը լավ հայտնի թունավոր սունկ՝ սպիտակ պագանկան է: Անտարբեր չեն նրան նաև բորբոսների մի քանի տեսակները, որոնք չեն կարող գոյատևել առանց վանադիումի: Այդպիսի բույսերը, որոնք օժտված են իրենց վրա կուտակելու այս կամ այն էլեմենտը, կոչվում են կենսակուտակիչներ: Հաճախ նրանք մեծ օգնություն են ցուցաբերում գիտնականներին, մի շարք մետաղային հանքանյութերի փնտրման գործում, հանդես գալով ինդիկատորի դերում:

Վանադիումի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա- Մակերևույթային ջրերում վանադիումի հիմնական աղբյուրը վանադիումի հանքերի հետ շփվող ստորերկրյա և, նավթահորերի ջրերին են, ինչպես նաև սև և գունավոր մետալուրգիայի ձեռնարկությունների հոսոքաջրերը, ածխաջրածնային վառելիքի այրումից (օրինակ, ավտոմեքենաների արտանետումները) առաջացած փոշին:

Ջրում վանադիումը առաջացնում է կայուն անիոնային կոմպլեքսներ (V4O12)4- և (V10O26)6-: Վանադիումի միգրացիայում էական դեր են կատարում օրգանական նյութերի, հատկապես հումուսային թթուների հետ նրա լուծվող կոպլեքս միացությունները: Վանադիումի կոնցենտրացիան բնական ջրերում աննշան է` հայուր-հազարավոր տասնորդական մգ/լ: Այդ քանակի վանադիումը ջրի որակի վրա որևէ նշանակելի ազդեցություն չի ունենում: Ակներևորեն այդ փաստն է պատճառը, որ ոչ ԱՀԿ-ն, ոչ USEPA, ոչ ԵՄ-ն ջրում վանադիումի պարունակությունը չեն նորմավորում:

Ռուսական նորմաներով խմելու ջրի համար վանադիումի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան կազմում է 0.1մգ/լ: Գործնականում այդպիսի կոնցենտրացիաները կարող են հանդիպել միայն, երբ վանադիում պարունակող հոսքաջրերը ներթափանցեն ստորերկրյա ջրերի մեջ:

Վանադիումը ունի այլ տարրերի և մասնիկների հետ կապվելու հատկություն և այդ պատճառով էլ հիմանականում լինում է հողի մեջ, որտեղ և մնում է երկար ժամանակ: Բույսերի մեջ հայտնաբերվում է վանադիումի միայն թույլ աննշան հետքեր, որը վկայում է նրա թույլ կուտակումը բուսական հյուսվածքներում: Վանադիում պարունակող տիտանամագնետիտային հանքանյութերի հարստացման ժամանակ վանադիումը էկոլոգիական որևէ վտանգ չի ներկայացնում: Վանադիումը իր վտանգավորության պատկանում է երրորդ դասին: Ավելի թունավոր են հինգվալենտանի վանադիումի միացությունները

Առողջության համար վտանգը և վանադիումի կենսաբանական նշանակությունը-
Վանադիումն օրգանիզմ է թափանցում հիմնականում փոշու մասնիկների միջոցով, որը պարունակում է վանադիումի օքսիդ (օրինակ մետալուրգիական արտադրությունում կամ այն օբյեկտների մոտ, որտեղ այրվում են ածուխ կամ նավթանյութեր, որոնք պարունակում են վանադիում): Այս ուղին հանդիսանում է ամենավտանգավորը մարդու առողջության համար: Վանադիում պարունակող փոշու շնչման ժամանակ ամենամեծ ազդեցության ենթարկվում են թոքերը, բրոնխները, աչքերը: Բանվորները այդպիսի փոշի նույնիսկ կարճատև շնչելու ժամանակ բողոքում են շնչուղիների գրգռումից, խզզոցներից, հազից, կրծքի ցավերից, հարբուխից և կոկորդի քորից: Երբեմն դիտվում է շնչարգելություն, լեզվի վրա կանաչ փառ և մաշկի ծածկույթի գունատություն: Ճիշտ է, այդ հատկանիշները աղտոտված օդի շնչման դադարեցման ժամանակ արդեն վերանում են: Համանման արդյունքներ ստացվել են նաև կենդանիների վրա կատարված փորձերից: Հղի կենդանիների մոտ, վանադիումի փոքր դոզաների ներգործության ժամանակ նորածինների մոտ դիտվել են թերություններ: Կենդանիների մոտ, որոնք երկար ժամանակ շնչել են, կամ կերի հետ ստացել են նշանակալի քանակի վանադիում, ի հայտ է եկել աննշան խնդիրներ լյարդի և երիկամի հետ: Չնայած վանադիումն ուժեղ թունավոր է, բայց անհրաժեշտ կենսական տարր է:

Վանադիումի մուտքը օրգանիզմ կատարվում է նաև սննդի միջոցով: Վանադիում պարունակող բույսերից են՝ բրինձը (400 մկգ% ), լոբին (190 մկգ%), բողկը (185 մկգ%), գարին (172% մկգ), հնդկացորենը (170մկգ%), կանաչ հազարաթերթը (170մկգ%), սիսեռը (150մկգ%), կարտոֆիլը (149մկգ%), ինչպես նաև բուսական ծագում ունեցող յուղերը, սամիթը և մաղադանոսը (1մկգ% համապատասխանում է տարրի պարունակությանը միկրոգրամներով 100 գրամ նյութում): Որոշ դեղեր, օրինակ հակաբիոտիկները նույնպես պարունակում են վանադիում:

Վանադիումը լինում է հիմնականում ոսկրային և ճարպային հյուսվածքներում: Մարդու օրգանիզմի վանադիումի պահանջարկի օրական օգտագործման մակարդակը սահմանված չէ, բայց փորձագետների գնահատականով կազմում է մոտավոր 2մգ մեկ օրում: Արգենտինայում փորձ է արվել վանադիումի միացությունները մտցնել ցուլերի և փղերի ուտելիքում: Այդ դեպքում կենդանիների մոտ լավանում է ախորժակը և արագ ավելանում է նրանց քաշը:

Չնայած մարդու օրգանիզմում վանադիումի պակասը հազվադեպ իրավիճակ է, սակայն կենդանիների վրա փորձարկումները ցույց են տվել, որ վանադիումի անբավարար քանակը բերում է ատամների աճի վատթարացմանը, ոսկորների, աճառների և մկանների, ինչպես նաև բազմացման ֆունկցիայի թուլացման: Վանադիումի անբավարարությունը բերում է շաքարախտի և այն շաքարախտի համար կարևոր ախտանշանային ցուցիչ է:

Օգտագործված գրականություն

1. Неорганическая химия/ под ред. Акад. Д. Третякова/ том 3, Химия переходных элементов. В книге 1, М.; Академия,2007,352с.
2. Amstrong E.M., Beddoes R.L., Calviou L.J. //J.Amer.Chem.Soc. 1993,V.15,p.807
3. Гольдберг И.С., Каплан 3.Г., Пономарев В.С. Закономерности накопления ванадия в нефтях и природных битумах // Советская геология.– 1986.– № 6.– С. 100–111.

Հեղինակ՝ Գևորգ Սիմոնյան

ԵՊՀ, Էկոլոգիական քիմիայի ամբիոնի դոցենտ, քիմիական գիտությունների թեկնածու:

Դիտեք նաև

Քիմիան օգնության է շտապում տնային տնտեսուհիներին: Ազատվում ենք յոդի հետքերից

Ինչպե՞ս հագուստը մաքրել յոդի հետքերից Յոդի հետքերը հագուստից կարելի է հեռացնել անուշադրի սպիրտով: Այլ մեթոդ. ...

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Time limit is exhausted. Please reload the CAPTCHA.