Երկուշաբթի , Օգոստոս 21 2017
Գլխավոր / ՀԵՏԱՔՐՔԻՐ / Թանկարժեք քարերի պատմությունից

Թանկարժեք քարերի պատմությունից

Թանկարժեք քարերը իրենց գեղեցկության, հազվագյուտության և դիմացկունության պատճառով բարձր գնահատվող միներալներ են, որոնք կարելի է կրել որպես զարդ կամ օգտագործել արվեստի գործերում որպես դեկորացիա։ Իրականում ճշգրիտ բնորոշել «Թանկարժեք քար» հասկացությունը դժվար է, քանի որ ժամանակի ընթացքում ճաշակները փոխվում են և ցանկացած քար, որը հաջող կիրառվում է զարդերում, կարող է բարձր գնահատվել և որպես հետևանք՝ դառնալ թանկարժեք։

Իրենց օպտիկական հատկություններով թանկարժեք քարերը խիստ տարբերվում են իրարից։ Քարերի մեծամասնությունը թափանցելի են լույսի համար, որոշ քարեր, օրինակ լուսնային քարը կամ վագրի աչքը, կիսաթափանցելի, իսկ որոշ թանկարժեք քարեր, օրինակ լազուրիտը, անթափանցելի են լույսի համար։ Թանկարժեք քարերի մեծամասնությունը գունավոր են և հատկապես գույնն է այդ քարերի կարևոր բնութագիրը, օրինակ՝ ռուբինը, զմրուխտը, օպալ և ալեքսանդրիտը։ Անգույն քարերի գեղեցկությունը կախված է նրա երկու հատկություններից՝ փայլից և պսևդոքրոմիզիմից (գույների խաղ)։ Պսևդոքրոմիզիմը գունային երևույթ է, որը ցուցադրում է սպեկտրի գույները՝ լույսը քարի միջով անցնելիս։ Փայլը  թանկարժեք քարի ունակությունն է՝ հավաքել լույսը լայն անկյան տակ և այն անդրադարձնել աչքի մեջ։ Այս էֆեկտը նշանակալի ուժեղացվում է թանկարժեք քարի երեսակման միջոցով։

Թանկարժեք քարի գեղեցկությունը և գույնը առավելագույնն է երբ այն իրենից ներկայացնում է մոնոբյուրեղ։ Թանկարժեք քարերի մեծամասնությունները մոնոբյուրեղներ են, կան և ոչ մոնոբյուրեղային քարեր, դրանցից առավելագույն գնահատելին օպալն է։ Օպալը բազմաբյուրեղ քար է, բաղկացած է փոքրիկ բյուրեղիկներից այնպես, որ ցրված լույսի ճառագայթներում այն կիսաթափանցիկ կամ անթափանց է։

Հասկանալի է, որ մարդկության զարգացման ընթացքում թանկարժեք քարերի քանակությունը չէր կարող բավարարել պահանջարկը։ Այս պրոբլեմի լուծման առաջին փորձերն էին արտաքնապես անհրապույր բնական քարերը պատել ջնարակի շերտով, նրանց թանկարժեք քարի տեսք տալու նպատակով։ Այս նպատակով հին Եգիպտոսում օգտագործում էին ստեատիտ կոչվող միներալը, որի քիմիական բանաձևն է Mg3Si4O10(OH)2։ Այս միներալը հեշտությամբ կտրվում է և տաքացնելիս հալվում է ոչ շատ բարձր ջերմաստիճանում։ Այս ձևով ստացված զարդեր են հայտնաբերվել Եգիպտոսում Բադարի կոչվող գյուղի շրջակայքում, որոնց տարիքը գնահատվում է 4000 տարի մ.թ.ա.։ Արհեստական լազուրիտ ստանալու փորձերը հետագայում բնութագրվեցին որպես «մարդու առաջին քայլերը ստեղծելու իրեն անհրաժեշտ միներալ»։ Հետագայում ստեատիտը փախարինվեց ֆայանսով, որը արհեստական քար է՝ ստացված մանրացված կվարցից և ծածկված ջնարկով։ Այս արհեստական քարը մ.թ.ա. մի քանի հարյուրամյակ ունեցել է լայն տարածում, թեև մինչ այսօր ֆայանսի պատրաստման տեխնիկական մանրամասները լրիվ հայտնի չեն։ Ամենահին ֆայանսը հայտնաբերված է Իրաքում գտնվող ՈՒրե բնակավայրում, որի տարիքը գնահատվում է 3000 տարի մ.թ.ա.։

Միջին դարերում թանկարժեք քարերին վերագրում էին կախարդական հատկություններ։ Իր «Ակնարկ քարերի ծագման և հատկությունների մասին» աշխատությունում Ռոբերտ Բոյլը գրում է. «Կասկածից դուրս է, որ քարերի եզակիությունը, փայլը և արժեքը այն պատճառներն են, որ բոլոր ժամանակներում նրանք համարվում էին բնության ստեղծած ամենագեղեցիկ և ամենահմայիչ ստեղծագործությունը»։

Ալմաստը, որպես թանկագին քար, առաջինը օգտագործեցին հռոմեացիները։ Միջնադարում ստեղծվեցին հիասքանչ ոսկերչական նմուշներ՝ զարդարված տարբեր թանկարժեք քարերով։ Պետք է նշել, որ այդ ժամանակաշրջանում նոր արհեստական քարերի ստեղծման նշանակալի մեթոդներ չի արձանագրվում։ Քարերի երեսակումը ներդրվեց Եվրոպայում XVI դարում, և հենց այդ ժամանակաշրջանից լայն մասսայականություն է սկսում վայելել  ադամանդը։

Արհեստական քարերի ժամանակակից պատմությունը սկսվեց 1837 թվականին, երբ Ֆրանսիացի քիմիկոս Մարկ Գոդենը միահալեց ալյումակալյումական շիբը և կալիումի քրոմատը՝ ստանալով արհեստական ռուբինի բյուրեղներ։

Գոդենի հաջող փորձերը կրկնեցին  Ֆրանսիայի և Գերմանիյաի տարբեր քիմիկոսներ, որոնք փորձարկում էին տարբեր աղեր, արհեստական թանկարժեք քարեր ստանալու նպատակով։

1886 թվականին շուկայում հայտնվեցին և մեծ պահանջարկ վայելեցին բավական բարձր որակի արհեստական ռուբիններ, որոնք կոչվեցին Ժնևյան ռուբիններ, թեև նրանց ստացման տեղը և մեթոդը անհայտ էր։ Հայտնի էր միայն, որ դրանք ստեղծում է անհայտ «գործարար վանական»։

Ժնևյան ռուբինների հաջողությունը հատկապես մեծ ազդեցություն է թողնում Ֆերմիի աշակերտներից մեկի Օգյուստ Վերնեյլի վրա, որը 1891 թվականին ստեղծում է ջրածնով և թթվածնով աշխատող վառարաններ, որոնցում ջերմաստիճանը կարող էր հասնել մինչև 20500C, ինչը բավարար է ռուբինի հալման համար և հայտնի էր, որ այն բաղկացած է Al2O3-ից և պարունակում է Cr2O3 խառնուրդ, ինչը քարին տալիս է կարմիր գույն։ Վերնեյլի աշխատանքները տպագրվեցին 1904 թվականին և ամուր հիմք ստեղծեցին տարբեր տիպի արհեստական քարերի լայնածավալ արտադրությունների համար։

Բազմաթիվ ֆիրմաներ էին զբաղվում արհեստական քարերի արտադրությամբ, սակայն այս գործում առավել հաջողության է հասնում Հրանտ Ջևահիջյանը։ Ջևահիջյանը, հասկանալով Վերնեյլի վառարանի առավելությունը, 1903 թվականին սկսեց այն օգտագործել։ 1905 թվականին նա մեծ արտադրություն է հիմնում Լիոնի մոտ գտնվող Վիլլար-Բոնո (Ֆրանսիա) բնակավայրում, որը հետո տեղափոխվում է ներքին Պիրիններում գտնվող Արուդի բնակավայրը, իսկ 1914 թվականին արտադրությունը տեղափոխում է Ժնևյան լճի ափին գտնվող Մոնտե քաղաքը, որտեղ և ներկայումս գտնվում է այդ «Ջևա» կոչվող ֆիրման։

1946 թվականին ֆիրման տեղադրում է 1400 վառարաններ, իսկ գործարանի ներկայիս արտադրությունը 300 միլիոն կարատից ավել է։ Կորունդի բյուրեղները հիմնականում օգտագործվում են Շվեցարական ժամացույցների արտադրություններում։ Գործարանը աճեցնում է բյուրեղներ լազերային սարքերի համար, նրա աճեցրած բյուրեղները օգտագործվում են տիեզերական տեխնիկայում, արհեստական արբանյակներում։

Ներկայումս թանկարժեք քարերի արտադրությունը «Ջևա» ֆիրմայի հիմնական արտադրությունը չէ, սակայն ֆիրման շարունակում է զբաղվել նոր տիպի և հատկությունների լեգերացված արհեստական բյուրեղների ստացմամբ։

Հեղինակ՝ Արմեն Մարտիրյան

ԵՊՀ, Էկոլոգիական քիմիայի ամբիոնի դոցենտ, քիմիական գիտությունների թեկնածու:

Դիտեք նաև

Նույնիսկ Սերն է քիմիայի արդյունք

Ի վերջո ի՞նչ է իրենից ներկայացնում այդ գեղեցիկ զգացմունքը, որը անվանում են ռոմանտիկ սեր: Փսիխոֆարմակոլոգները գտնում ...

Մեկ մեկնաբանություն

  1. Shat hajox er, i dep im tetev dzerqov luys e tesel hayeren lezvov girq tankagin qareri masin ,vacharvum e graxanutnerum, gneq sireli qimikosner,cheq poshmani:

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Time limit is exhausted. Please reload the CAPTCHA.