Շաբաթ , Հունիս 24 2017
Գլխավոր / ՀԵՏԱՔՐՔԻՐ / Քիմիան մեր կյանքում (մաս II)

Քիմիան մեր կյանքում (մաս II)

bitovaya_himiyaՇարունակում ենք «Քիմիան մեր կյանքում» խորագրով հոդվածաշարը: Այժմ կներկայացվեն փորձեր (օգտակար խորհուրդներ), որոնք կօգնեն Ձեզ, տարբեր պատճառներով առաջացած բծերը (լաքաները) հեռացնել հագուստից և կենցաղում օգտագործվող տարբեր գործվածքներից։

Բծերը հեռացնելու համար նախօրոք պետք է կիրառել ամենապարզ միջոցը` տաք օճառաջուրը, որով թրջում են ատամի խոզանակը կամ շորի կտորը և լավ շփում նախօրոք փոշուց մաքրված բծոտ տեղը, որից հետո լվանում մաքուր ջրով, չորացնում և արդուկում։
Եթե այդպիսի մաքրման ժամանակ բիծը չի անհայտանում, ապա պետք է օգտագործել ավելի ազդող միջոց։ Գործվածքները պետք է նախապես մանրակրկիտ մաքրել փոշուց (այլապես բծերը մաքրելուց հետո առաջանում են հետքեր)։

Յուղային բծերը հեռացնում են բենզին, բենզոլ, սկիպիդար լուծիչներով կամ ել վաճառվող բծահանիչով (տարբեր տեսակի լուծիչների խառնուրդ), սակայն դրանց հետ պետք է վերաբերվել շատ զգուշ, քանի որ դրանք բոլորը հեշտ ցնդող և հրավտանգ նյութեր են։

Թարմ յուղային բծերը մաքրելու համար խորհուրդ է տրվում բծի տակ դնել ներծծող թուղթ (2-3 շերտով) և արդուկել թույլ տաքացված արդուկով, այդ ժամանակ յուղի մեծ մասը ներծծվում է թղթի կողմից։ Դրանից հետո կեղտոտված մասը վերջնականապես մաքրել վերը նշված լուծիչներից մեկով։

Հաճախ ոչ ճիշտ մաքրման ժամանակ լուծիչի չորանալուց հետո հեռացված բծի շուրջը առաջանում է «շրջաններ»։ Այդ դեպքում դրանց նույնպես պետք է մաքրել բենզինով։ Որպեսզի մաքրման ժամանակ չառաջանան «շրջաններ», պետք է բիծը մաքրել եզրերից դեպի կենտրոն, այնուհետև վրան դնել մի քանի տակ ծալված ներծծող թուղթ և արդուկել տաք արդուկով։

Յուղի հնացած բծերը հեռացնելու համար խորհուրդ է տրվում օգտվել բենզինային օճառից, որը պատրաստվում է 1-2գ անգույն օճառը 10գ բենզինում լուծելով։ Բիծը սկզբում շփել բենզինային օճառով, այնուհետև սովորական եղանակով մաքրել բենզինով։

Յուղային ներկի բիծը եթե թարմ է, ապա այն հեշտ կարելի է հեռացնել սկիպիդարով կամ մաքուր կերոսինով, դրա համար կեղտոտված մասը թրջել նշված լուծիչներից մեկով ներծծված բամբակով, այնուհետև շփել նաշադիրային սպիրտով (վաճառվում է դեղատներում) մինչև բծի լրիվ հեռացումը։

Յուղաներկի հին բծերը հեռացնելու համար պետք է թրջել սկիպիդարով և ներկը փափկելուց հետո մաքրել խմելու սոդայի խիտ լուծույթով, որից հետո լավ լվանալ տաք ջրով։

Հագուստի վրա կանաչեղենից առաջացած բիծը եթե թարմ է, կարելի է հեռացնել քիչ քանակով նաշադիրային սպիրտ ավելացված օճառային տաք լուծույթով։ Ավելի հին բծերը մաքրվում են մաքուր սպիրտով։

Թեյից և ձվից առաջացած բծերը մաքրվում են գլիցերինի և նաշադիրային սպիրտի խառնուրդով (4 ծավալ գլիցերինին 1 ծավալ նաշադիրային սպիրտ)։ Ձվից առաջացած բիծը հեռացնելու ժամանակ մաքրումից հետո մնացած «շրջանը» մի քիչ թրջել բենզինով և չորանալուց հետո լվանալ օճառաջրով։ Թեյից մնացած հին բծերը հեռացնելու համար պգտագործվում է թրթնջկաթթվի լուծույթ (1 բաժակ ջրին 2-3գ)։ Այդ տաք լուծույթով թրջում են կեղտոտված տեղը և լավ լվանում տաք ջրով։

Մրգից առաջացած բծերը եթե թարմ են, ապա կարելի է հեռացնել տաք ջրով։ Օգտակար է նաև բիծը մի քանի րոպե նախօրոք պահել տաք կաթի մեջ, նոր լվանալ։ Ավելի հին բծերը հեռացվում են կիտրոնաթթվի կամ թրթնջկաթթվի (1 բաժակ ջրին 2գ) լուծույթներով։ Մրգերից առաջացած բծերը կարելի է հեռացնել նաև քիչ տաքացված սպիրտով։

Կարմիր գինու և հատապտուղների բծերը հագուստի վրայից հեռացնում են նույն եղանակով, ինչ մրգերից առաջացած բծերը։ Գունավոր կտորների վրայից բծերը լավ մաքրվում են գլիցերինի և ձվի դեղնուցի խառնուրդով (1։1)։ Նշված խառնուրդով թրջել կեղտոտված տեղը, թողնել մի քանի ժամ և լվանալ տաք ջրով։ Կտորի գույնը լրիվ պահպանվում է։

Խորհուրդ է տրվում կարմիր գինու և հատապտուղների վրա ցանել կերակրի աղ և որոշ ժամանակ հետո լվանալ օճառաջրով։ Սպիտակ կտորի վրայից նշված բծերը կարելի է հեռացնել նաև ջրածնի պերօքսիդով (1/2 բաժակ ջրին 1թ. գ.), հեռացնելուց հետո մաքրված տեղը լվանալ սառը ջրով։

Ձկից և ձկան պահածոյից մնացած բծերը եթե թարմ են, ապա հեշտ անցնում են օճառաջրով և տաք ջրով հաջորդաբար լվանալով։ Հին բծերը պետք է բամբակով թրջել տաք գլիցերինով և որոշ ժամանակ հետո լվանալ տաք ջրով։ Նուրբ մետաքսե կտորից բծերի հեռացման լավ միջոց է հանդիսանում մի քանի կաթիլ նաշադիր ավելացված հավասար ծավալներով գլիցերինի և ջրի խառնուրդը։

Բրդե կտորեղենի վրայից բծերը հեռացնելու համար խորհուրդ է տրվում ջրում լուծված գլիցերինի և նաշադիրի (1 բաժակ ջրին 20գ գլիցերին և 10գ նաշադիր) խառնուրդը։ Բիծը հեռացնելուց հետո լվանալ տաք ջրով։

Արյան թարմ հետքերը հագուստի վրայից կարելի է հեռացնել սկզբից այն սառը ջրով, այնուհետև տաք օճառաջրով լվանալով, երբեք չի կարելի տաք ջրով լվանալ։ Արյան հին բծերը հեռացնելու համար այն շփում են նաշադիրով, այնուհետև բուրայի լուծույթով (1 բաժակ ջրին 1 թեյի գդալ) և լվանում տաք ջրով։ Նուրբ մետաքսե կտորի վրայից արյան հետքերը ավելի լավ է հեռացնել կարտոֆիլի օսլայով, դրա համար ջրով պատրաստում են օսլայի խմոր և դրանով ծածկում կեղտոտված մակերեսը և թողնում չորանա, այնուհետև չորացած օսլան հեռացնում են կտորը թափահարելով և լվանում ջրով։

Քրտինքից հագուստի թևատակերին առաջացած բծերը եթե հագուստի գույնը չեն քայքայել, հեշտ կարելի է հեռացնել նատրիումի հիպոսուլֆիտի (NaHSO3) լուծույթով (1 բաժակ ջրին կես թեյի գդալ)։ Կեղտոտված տեղը մաքրելուց հետո լվանալ տաք ջրով։ Մետաքսե կտորի վրայից այդպիսի հետքերը հեռացվում են նաշադիրի և սպիրտի հավասար ծավալներով խառնուրդի լուծույթով։ Սպիտակ մետաքսի վրայից հեռացնելու համար խորհուրդ է տրվում այդ խառնուրդին ավելացնել մի քանի կաթիլ ջրածնի պերօքսիդ։ Բրդե կտորի վրայի քրտինքի հետքերը հեռացնելու համար անհրաժեշտ է սկզբից լվանալ օճառաջրով, այնուհետև սառը ջրով և հետո թրջել թրթնջկաթթվի նոսր լուծույթով (1 բաժակ ջրին 1 թեյի գդալ) ու լվանալ սառը ջրով։

Եթե ժանգից առաջացած բիծը թույլ է, ապա այն կարելի է հեռացնել կիտրոնի հյութով, դրանով մի քանի անգամ թրջել բիծը, վրան դնել տաք արդուկ մինչև ոչ լրիվ չորանալու ու լվանալ սառը ջրով։

Ժանգային հին բծերը կարելի հեռացնել գինեթթվով կամ քացախի էսենցիայով (1 թեյի գդալ 1/2 բաժակ ջրին)։ Թթվի տաք լուծույթում մի քանի րոպե պահել հագուստի կեղտոտված մասը ու այնուհետև լավ լվանալ ջրով։

Թանաքի հետքերը սպիտակ կտորի վրայից կարելի է հեռացնել կիտրոնաթթվի կամ գինեթթվի օգնությամբ։ Գունավոր կտորների համար պետք է օգտագործել գլիցերինի և սպիրտի խառնուրդ (5 ծավալ սպիրտ, 2 ծավալ գլիցերին)։

Մաքուր բրդյա և մետաքսե գործվածքների վրայից թանաքի հետքերը հեռացնելու համար այս եղանակը չի կարելի կիրառել, ավելի լավ է հետքը հեռացնել սպիրտին մի քանի կաթիլ աղաթթու ավելացված լուծույթով (1 ճաշի գդալ սպիրտին 2-3 կաթիլ աղաթթու)։

Մաքրելուց հետո լավ լվանալ ջրով։ Բամբակե գործվածքների վրայից թանաքի հետքերը հեռացնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել նաշադիրի և խմելու սոդայի խառնուրդ (1-2 թեյի գդալ 1 բաժակ ջրին)։

Ածխից և մրից առաջացած հետքերը հեռացվում են սկիպիդարով։ Կեղտոտված տեղը սկզբից թրջել սկիպիդարով և շփել լաթի կտորով, այնուհետև շփել օճառաջրով թրջված խոզանակով և լվանալ ջրով։ Շատ կեղտոտված գործվածքները մաքրելու համար օգտագործվում է սկիպիդարի և ձվի դեղնուցի խառնուրդ։ Խառնուրդը թեթև տաքացնել ու լցնել կեղտոտված տեղի վրա, թողնել որոշ ժամանակ և լվանալ տաք օճառաջրով։

Տաք արդուկից առաջացած հետքը սպիտակ բամբակե գործվածքների վրայից հեռացվում է ջրածնի պերօքսիդի օգնությամբ։ Մեկ բաժակ տաք ջրին ավելացվում է մեկ թեյի գդալ ջրածնի պերօքսիդ և 1/3 թեյի գդալ նաշադիր, ստացված լուծույթով թրջում են կտորը և լվանում ջրով։

Գունավոր բամբակե և բրդյա գործվածքների վրայից արդուկի թողած հետքը հեռացնում են սպիրտով։

Գրականություն

  1. Ռ. Ադամյան և ուրիշներ, Բնագետ, 2013, N 3։
  2. Л. Лыгина, Н. Паравян, Выводите пятна сами, Химия и жизнь, N 12, 1985;
  3. Домоводство, Москва, 1986г.

Բնագետ 1, 2013, էջ 92-94

Հեղինակ՝ Ռոբերտ Ադամյան

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի անօրգանական քիմիայի դոցենտ, քիմիական գիտությունների թեկնածու:

Դիտեք նաև

Համբույրը և նրա քիմիան

Այսօր Սբ. Վալենտինի տոնն է՝ սիրո տոնը: Կարծում եմ տեղին կլինի այս օրը Ձեզ հետ ...

4 մեկնաբ.

  1. Բարև Ձեզ : Խնդրում եմ կասեք ինչպես կարելի է հեռացնել հագուստի վրա թափված յոդը և ինչու (ինչ ռեակցիաներ են ընթանում)….նախապես շնորհակալություն:

  2. Բարև Ձեզ, Խնդրում եմ կասեք ինչպես հեռացնել ժավելի սպիրտից առաջացած դեղին հետքերը: Սպիտակ կտորի վրայից ինպես հեռացնել ջինսե շալվարի գույն դուրս տվածն:

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Time limit is exhausted. Please reload the CAPTCHA.