Ուրբաթ , Նոյեմբեր 24 2017
Գլխավոր / ՀԵՏԱՔՐՔԻՐ / Կարծիք «Քիմիա 7» դասագրքի վերաբերյալ

Կարծիք «Քիմիա 7» դասագրքի վերաբերյալ

Կարծիք «Արևիկ» հրատարակչության կողմից 2007 թ. հրապարակված ՀՀ հանրակրթական հիմնական դպրոցի  «Քիմիա 7» դասագրքի վերաբերյալ:

Վերջին 10-15 տարիներին խիստ նվազել է աշակերտների հետաքրքրությունը բնագիտական առարկաների նկատմամբ։ Դրա մասին են վկայում ինչպես տպագիր մամուլում, այնպես էլ համացանցում հանդիպող բազմաթիվ հրապարակումները։ Կարելի է «պարծենալ», որ գոնե այս հարցում Հայաստանը ոչ միայն հետ չի մնում այլ երկրներից, այլև առաջատար դիրքեր է զբաղեցնում աշխարհում, իր հետևում թողնելով բազմաթիվ զարգացած երկրների։ Այս երևույթն, իհարկե, ունի իր օբյեկտիվ պատճառները, որոնց մասին բազմիցս նշվել է անգամ պետական այրերի կողմից։ Սակայն դրանում պակաս ներդրում չունեն նաև հանրակրթական դպրոցներում աշակերտներին պարտադրվող դասագրքերը, որոնք փոխանակ կատարելու ւաշակերտների մոտ տվյալ առարկայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու և նախասիրած մասնագիտություն ընտրելուն նպաստելուն միտված իրենց հիմնական ֆունկցիան, հաճախ մեծ հաջողությամբ կատարում են ճիշտ հակառակ դերը։ Ասվածը կցանկանայի ներկայացնել 2007 թ. լույս տեսած և առայժմ դժբախտաբար գործածության մեջ գտնվող Լ. Սահակյանի և Ռ. Հովսեփյանի հեղինակած «Քիմիա 7» հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի համար նախատեսված դասագրքի համառոտ վերլուծությունը։

Սույն դասագրքի երկրորդ էջին խոշոր տառերով գրված «Հաստատված է» արտահայտությունը և ՀՀ զինանշանով ԿԳՆ կնիքը գրքի հետ հենց առաջին իսկ ծանոթությունից վկայում են, որ թվում է թե գործ ունենք լուրջ գրքի հետ, այլապես դա չէր հաստատվի ՀՀ ԿԳՆ նախարարության կողմից։ Սակայն մի քանի էջ ընթերցելուց հետո համոզվում ես, որ այդ գիրքը ամեն ինչ է, բայց ոչ քիմիայի դասագիրք` այն էլ նախատեսված այն աշակերտների համար, որոնք նոր-նոր ծանոթանում են քիմիային և որոնց մեծ մասը սովորաբար խիստ հետաքրքրություն է ցուցաբերում իրենց համար խիստ խորհրդավոր այդ առարկայի հանդեպ. հիշենք թեկուզ մեր առաջին ծանոթությունն այդ առարկայի հետ։

Գրքի առաջին էջերի ընթերցումից հետո ստեղծվում է այն տպավորությունը, թե դա ռուսերեն գրված բավական անհաջող ինչ որ տեքստերի էլ ավելի անգրագետ հայերեն թարգմանություն է։ Գրքի հետագա ընթերցանության արդյունքում արդեն դրանում կարելի է լրիվ համոզվել։ Միանգամից ակնհայտ է դառնում, որ այդ գիրքը չի խմբագրվել։ Դա հաստատվում է նախ նրանով, որ գրքի վրա նշված չէ որևէ խմբագրի անուն, մյուս կողմից գրքում առկա բազմաթիվ քերականական, լեզվական , շարահյուսական և , որ ամենաանթույլատրելին է, իմաստային բազմաթիվ սխալների առկայությունից։ Ճիշտ է, երկար որոնումներից հետո ինձ հաջողվեց ի վերջո գտնել խմբագրի անունը, որը զետեղված է գրքի վերջին էջում (որը սովորաբար ոչ ոք չի ընթերցում ), սակայն պարզվեց որ նա գրքի համահեղինակներից մեկն է` Ռ.Հովսեփյանը, որը չունի քիմիական կրթություն։ Համենայնդեպս նրան ԵՊՀ քիմիայի ֆակուլտետից ոչ ոք ոչ չի ճանաչում։ Երևի «Արևիկ» հրտարակչությունը, որը երկնել է սույն «ստեղծագործությունը» (լեզուս չի պտտվում այն դասագիրք անվանելու) ավելորդ ծախսերից խուսափելու համար չի հրավիրել մասնագիտական խմբագրի, կամ էլ հեղինակները հարկ չեն համարել իրենց գրքի մասին անաչառ կարծիք լսելու։

Իհարկե այստեղ կարելի է կանգ առնել և թողնել, որ ընթերցողները միայն երևակայությամբ պատկերացնեն, թե ինչ բովանդակություն կարող է ունենալ այն դասագիրքը, որը գրվել է ոչ մասնագետի կողմից, թեկուզ և նա համահեղինակ է։

Այս գրքում յուրաքանչյուր թեմա ներկայացված է ոչ միայն խիստ ժարգոնային, խոսակցական, մանկավարժական առումով անթույլատրելի բառամթերքով, այլև գիտական տեսակետից պարզապես սխալ։ Այդ պատճառով հնարավոր չէ թեկուզ ընդհանուր գծերով ներկայացնել գրքի հիմնական թերությունները։ Չնայած իմ կողմից ներդրված բավական համառ ջանքերի, ես չկարողացա այդ գրքում գտնել որևէ անթերի արտահայտություն։ Համոզված եմ, որ այս գիրքը, ոչ միայն բացարձակ չի խմբագրվել, այլև հեղինակներն իրենք այն գրելուց հետո չեն ընթերցել։

Որպեսզի ասածներս մերկապարանոց չհնչեն, այստեղ կներկայացնեմ դասագրքում տեղ գտած առավել արտառոց մի քանի արտահայտություններ և դրանց մեկնաբանությունները, իհարկե այն դեպքերում, երբ դա հնարավոր է։

Կարծում եմ ցանկացած ընթերցողի համար դժվար չի լինի այդ գրքում գտնել ոչ պակաս արտառոց և զավեշտալի այնպիսի արտահայտություններ, որոնք կարող են մեծ հաջողությամբ տեղ զբաղեցնել «32 ակումբի» կամ այլ հումորիստական սցենարներում։

Եվ այսպես.
Էջ5. «Ժամանակակից քիմիայի հիմնական խնդիրներն են.

1) Նյութերի հատկությունների ուսումնասիրումը, որոշակի հատկություններով նյութերի ստացումն ու տնտեսության մեջ օգտագործման հնարավորությունները,

2) մարդկությանը սննդով, հագուստով, շինարարական նյութերով, կենցաղային և այլ իրերով ապահովումը,

3) խմելու ջրի խնդրի լուծումը` բնական ջրամբարների ջրի պաշարների հաշվին,

4) շրջակա միջավայրի պահպանումը և այլն։»

Առաջին կետում նշված ժամանակակից քիմիայի հիմնական խնդիրն այքան էլ պարզ չէ, քանի որ նախադասությունն անհասկանալի է։

Մնացած խնդիրները ճիշտ է, առնչվում են քիմիայի հետ, սակայն դրանք երբեք չեն հանդիսացել քիմիայի հիմնական խնդիրները։

էջ 10. «… ջրածինը գազ է, շատ թեթև, անգույն, հոտ չունի, եռում է -253 oC ջերմաստիճանում, այրվում է և այլն»։

Նախ անհրաժեշտ է նշել, թե ջրածինը ի՞նչ պայմաններում է գազ, քանի որ աշակերտներն այդ տարիքում արդեն գիտեն, որ կախված պայմաններից, միևնույն նյութը կարող է գտնվել գազային, հեղուկ կամ պինդ վիճակում։ Հատկապես որ նշվում է ջրածնի եռման ջերմաստիճանը` այսինքն այն ջերմաստիճանը, որի դեպքում ջրածինը հեղուկ վիճակից անցնում է գազային վիճակի։ Անհասկանալի է մնում նաև «շատ թեթև» հատկությունը։

Թեմայի ընկալման առումով ճիշտ կլիներ, եթե ջրածնի փոխարեն այստեղ ներկայացվեին աշակերտներին լավ հայտնի որևէ այլ նյութի, օրինակ ջրի, հատկությունները։

էջ 10. «…քիմիական հատկությունները բնորոշում են նյութի ընդունակությունը` ուրիշ նյութի հետ փոխազդելու և այլ նյութերի փոխարկվելու։ Դա տեղի է ունենում, օրինակ փայտն այրելիս, երկաթը ժանգոտելիս, կաթը թթվելիս և այլն»։

Այստեղ բերված առաջին նախադասությունը հայերեն չէ։ Ճիշտ է բոլոր բառերը հայերեն են, սակայն շարահյուսությունը ռուսերեն է։ Այդպես սովորաբար լինում է միայն ռուսերենից հայերեն անգրագետ թարգմանության արդյունքում։ Երկրորդ նախադասությունից անհասկանալի է մնում, թե ի՞նչը նկատի ունեն հեղինակները «դա տեղի է ունենում» ասելով։ Բացի դրանից` կաթի թթվելը ոչ թե քիմիական, այլ կենսաքիմիական երևույթ է։

էջ 10. «… Երկրագնդի մագնիսական դաշտը յուրօրինակ «ուղղորդիչ» է թռչունների երամների և ձկների վտառների համար»։

Նախ երկրագունդը պետք է գրել փոքրատառով, ի տարբերություն Երկրի, երբ խոսքը վերաբերում է Երկիր մոլորակին, մյուս կողմից էլ խիստ վնասակար է երեխաներին մատուցել չհաստատված և խիստ կասկածելի այնպիսի տեղեկատվություն, ինչպիսինն է այստեղ ներկայացվածը։ Պարզ չէ նաև, թե մագնիսական դաշտը վտառների կոնկրետ ի՞նչն է ուղղորդում։

էջ 10. «Սովորական պայմաններում յուրաքանչյուր նյութ կարող է գոյություն ունենալ երեք հիմնական ագրեգատային վիճակում` պինդ, հեղուկ և գազային (որոշ նյութեր, օրինակ` ապակին կամ ռետինը, գոյություն ունեն նաև այսպես կոչված ամորֆ վիճակում)»։

Բերված տվյալներից կարելի է եզրակացնել, որ սովորական պայմաններում օրինակ երկաթը կարող է գտնվել գազային, հեղուկ և պինդ վիճակներում, իսկ ամորֆը նույնպես ագրեգատային վիճակ է։ Իրականում այս երկու եզրակացություններն էլ սխալ են, քանի որ կատարվել են դասագրքում ներկայացված սխալ գիտելիքի հիման վրա։
Այս սխալը, այսինքն «ամորֆ»-ը որպես նյութի ագրեգատային վիճակ ներկայացնելը, գրքում հանդիպում է առնվազն չորս տեղ։

էջ 34. «… ֆիզիկոսներն ապացուցել են, որ ատոմները, չնայած շատ փոքր են, բայց իրականում գոյություն ունեն»։

Կարծում եմ այստեղ մեկնաբանություններն ավելորդ են։
Ընդհանրապես ատոմի մասին դասագրքում բերված են բազմաթիվ այնպիսի սխալ ու զավեշտալի տվյալներ, որոնք ոչ միայն աշակերտների, այլև ցանկացած բանական մարդու համար անհասկանալի են։

էջ 49. Ջոն Դալթոնի մասին գրված է` «Ֆիզիկայի բնագավառում հայտնաբերել է գազային օրենքները, որոնք հետագայում անվանվել են իր պատվին»։ Նախ որևէ բնական օրենք չի վերագրվում բնագիտության որևէ բնագավառի, այդ թվում նաև գազային օրենքները։ Մյուս կողմից Դալթոնի օրենքները, որոնք վերաբերում են գազային խառնուրդներին, ընդունված չէ անվանել գազային օրենքներ։

էջ 62. «Քիմիայի ընդհանուր հասկացությունները» բաժնում աշակերտները սովորեցին, որ`

1.Ատոմները ցանկացած նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկներն են։

Ատոմների այսպիսի սահմանումը ոչ միայն սխալ է, այլև խիստ վնասակար հետագա նյութը յուրացնելու առումով։ Օրինակ, ստացվում է, որ ջրի փոքրագույն մասնիկները նույնպես ատոմներն են։

2.«Գոյություն ունեն տարբեր տեսակի ատոմներ, որոնք կարող են միմյանցից տարբերվել մեծությամբ, զանգվածով և հատկություններով։ Ըստ որում`ատոմների տարբեր տեսակները թվով սահմանափակ են»։

Անհասկանալի է, թե ի՞նչ է ատոմի մեծությունը։ Այդպիսի հասկացություն ընդհանրապես գոյություն չունի։

4.«Ատոմները ֆիզիկապես բաժանելի են և բաղկացած են երեք տեսակի տարրական մասնիկներից` պրոտոններից, նեյտրոններից և էլեկտրոններից»։

Այս պնդումն ակնհայտ սխալ է ու վնասակար, քանի որ կարող է հարց առաջանալ, թե մյուս տարրական մասնիկները որտեղի՞ց են առաջանում։

9.«Հեղուկները ձգտում են պահպանել իրենց հատուկ ծավալը` սեփական ձև չունենալով»։

Ովքեր հասկացան այս նախադասությունը, առաջինը նրանք թող քար նետեն ինձ վրա։

13. «Քիմիական տարրի նշանն արտահայտում է այդ տարրի ինչպես որակական, այնպես էլ` քանակական բնութագիրը»։

Քիմիական տարրի նշանը ցույց է տալիս, թե ինչ տարրի մասին է խոսքը։ Ոչ ավելին։ Նույնն է, թե մարդու անունը բնութագրեր նրա հատկությունները։

21. «Տիեզերքում առավել տարածված քիմիական տարրը ջրածինն է, Երկրագնդի (պետք է լիներ երկրագնդի կամ Երկրի) կեղևում` թթվածինը, իսկ մարդու օրգանիզմում նույնպես գերակշռում է ջրածինը»։

Ակնհայտ է, որ այս արտահայտությունը հիմնավոր խմբագրման կարիք ունի։ Միաժամանակ այստեղից չի հետևում, թե ասենք կովի օրգանիզմում որ տարրն է գերակշռում։

Նախքան հաջորդ` 3-րդ գլխին անցնելը, որը սկսվում է 64-րդ էջից, անհրաժեշտ եմ համարում նշել, որ դեռևս գրքի 63 էջերում (գիրքը կազմված է 160 էջից) քիմիական որևէ բանաձևի չեմ հանդիպել։ Դրանք պարզապես առայժմ բացակայում են։

էջ 64. «Քիմիա ուսումնասիրող յուրաքանչյուր անձի (պետք է լիներ անձին) ամենամեծ օգնությունն առաջին հերթին ցույց կտա ատոմի կառուցվածքի քաջիմացությունը»։

Լ.Պոլինգի այս խոսքերը ներկայացված է որպես բնաբան։ Իհարկե, այդ խոսքերի դեմ ոչինչ չես կարող ասել։ Սակայն դասագրքի հեղինակները մոռանում են, որ 7-րդ դասարանցիները չեն պատրաստվում ուսումնասիրել քիմիան, այլ միայն ծանոթանում են քիմիայի հետ։ Այդ պատճառով փոխանակ 7-րդ դասարանում աշակերտները ծանոթանան քիմիական բանաձևերին, անօրգանական նյութերի հիմնական դասերին, նրանց անվանակարգությանը, կատարեն պարզագույն փորձեր ու հաշվարկներ ըստ քիմիական բանաձևերի և ռեակցիաների հավասարումների, ծանոթանան լուծույթներին վերաբերող պարզ հաշվարկներ կատարելու եղանակներին, ստիպված են յուրացնելու գիտելիքների մի այնպիսի բարդ համակարգ, ինչպիսինն է ատոմի և մոլեկուլի կառուցվածքըը և քիմիական կապը։ Հատկապես որ այդ թեմաները գրքում ներկայացված են բավական անհեթեթ և սխալ արտահայտություններով լեցուն շարադրանքով։ Համոզված եմ, որ գրքի հեղինակները չեն անցել «Նյութի կառուցվածքը» և հարակից այլ առարկաները։

Էջ.64 « XX դարի սկզբում (պետք է լինի սկզբին) սկսեցին առաջարկվել ատոմի կառուցվածքի տարբեր նմանակներ (մոդելներ)»։

Այստեղ բացի քերականական ակնհայտ սխալից, առկա են նաև երկու այլ սխալներ։ Նախ «ատոմի կառուցվածքի մոդելներ»-ի փոխարեն պետք է լինի «ատոմի մոդելներ»։ Մյուս կողմից «մոդել» եզրի փոխարեն չի կարելի օգտագործել «նմանակ» եզրը (տերմինը), քանի որ «նմանակը» առավել ճիշտ է արտահայտում «անալոգ» տերմինի իմաստը։ Խորհուրդ կտայի հեղինակներին բացատրական բառարաններում գտնել «մոդել» բառի բացատրությունը և ուշադիր կարդալ։ Համոզված եմ, որ դրանից հետո նրանք կհրաժարվեն «մոդել»-ի փոխարեն «նմանակ» բառն օգտագործելուց։

Էջ.64 . Է.Ռեզերֆորդի կողմից առաջարկված ատոմի մոլորակային (միջուկային) մոդելը, որը նա առաջարկեց 1911 թ., շատ կարճ կյանք ունեցավ, քանի որ այն ոչ մի կերպ չէր կարող բացատրել ատոմի կայունությունը, ատոմների առաքման սպեկտրները և այլ հատկությունները։ Այն շատ շուտով (1913 թ.) կատարելագործվեց Ն.Բորի և այնուհետև Ա. Զոմմերֆելդի կողմից։ Ակնհայտ է, որ հեղինակները տեղյակ չեն ատոմի կառուցվածքի պարզաբանման պատմությանը, քանի որ չունեն համապատասխան հիմնավոր կրթություն։ Այլապես նրանք դասագրքային մի ամբողջ գլուխ (էջ 64-ից էջ 88 ) չէին շարադրի մի բան, որից ակնհայտորեն գլուխ չեն հանում։

Էջ 64 «Այս նմանակը, որը թույլ տվեց պատկերացնել, թե ինչպե’ս է կառուցված ատոմը»։

Եթե հեղինակները պատկերացնում են, թե ինչպես է կառուցված ատոմը, ապա ես նրանց ողջունում եմ, քանի որ նրանք աշխարհում այն միակ երջանիկ զույգն են, որոնց դա հաջողվել է։

էջ 64 «2. Միջուկն ունի դրական լիցք, որը հավասար է Մենդելեևի պարբերական աղյուսակում տվյալ տարրի Z կարգաթվին (ատոմային համարին)»։

Հարգելի հեղինակներ, միթե՞ դուք չգիտեք, որ երկու տարբեր բաներ չեն կարող իրար հավասար լինել։ Միթե՞ մարդու կոշիկի համարը հավասար է նրա զանգվածին, եթե օրինակ նրա կոշիկի համարը 42 է, իսկ նրա զանգվածը 42 կգ։

էջ 65 «3. Բնագիտությունից դուք արդեն տեղյակ եք, որ Արեգակնային (պետք է լինի փոքրատառ) համակարգում մոլորակները պտտվում են Արեգակի շուրջը։ Նմանապես` էլեկտրոնները պտտվում են ատոմի շուրջը` կազմելով ատոմի էլեկտրոնային թաղանթը»։

Այս արտահայտությունը բերված է որպես Ռեզերֆորդի մոդելը հիմնավորող դրությներից մեկը։ Ես չգիտեմ, թե Է.Ռեզերֆորդի ժամանակներում «բնագիտություն» առարկա կար թե չէ, սակայն ատոմի կառուցվածքի մոլորակային մոդելն առաջարկելիս Է. Ռեզերֆորդն այսպիսի դրույթ չի առաջադրել։ Կարծում եմ, որ նրա դեպքում էլեկտրոնները կպտտվեին ոչ թե «ատոմի շուրջը», այլ գոնե «միջուկի շուրջը»։ Է. Ռեզերֆորդը ոչինչ չի ասել նաև «ատոմի էլեկտրոնային թաղանթի» մասին, քանի որ չկար «արեգակնային համակարգի մոլորակային թաղանթ» հասկացությունը։

էջ 65. «Էլեկտրոնի զանգվածը շատ փոքր է ու հավասար է 1/1837 զ.ա.մ.։ Նշանակում է` ատոմի էլեկտրոնային թաղանթի զանգվածն ատոմի ընդհանուր զանգվածի սոսկ չնչին մասն է։ Այլ կերպ ասած`ատոմի միջուկի զանգվածը գործնականորեն համընկնում է տվյալ տարրի հարաբերական ատոմային զանգվածին (Ar)։ Այնինչ Ռեզերֆորդը փորձով ապացուցեց, որ միջուկի տրամագֆիծը մոտավորապես 100 000 անգամ փոքր է ատոմի տրամագծից»։

Չանդրադառնալով բերված արտահայտությունների մեջ առկա լեզվական և քերականական սխալներին, պետք է նշել, որ ըստ Ռեզերֆորդի ատոմի միջուկի տրամագիծը ատոմի տրամագծից փոքր է ոչ թե 100 000 (հարյուր հազար), այլ 10 000-ից 100 000 անգամ։ Առաջին հայացքից կարելի է կարծել, որ դա սովորական վրիպակ է։ Սակայն հաշվի առնելով, որ այդպիսի «վրիպակներով» գիրքը բերնեբերան լեցուն է, պետք է ենթադրել, որ հեղինակները կամ առնվազը լուրջ չեն վերաբերվել գործին, կամ էլ իրենց կողմից մատուցվող թեմայի վերաբերյալ որևէ գիրք չեն կարդացել, ու զբաղվել են ինքնագործունեությամբ։

էջ 65. «Եթե մարդու օրգանիզմը կազմված լիներ միայն տարրերի ատոմների միջուկներից, ապա մարդը կվերածվեր բոլորովին անտեսանելի մի հատիկի, որի զանգվածը, սակայն, հավասար կմնար մարդու զանգվածին…»։

Կարելի է կարծել, որ հնարավոր է նաև մասամբ անտեսանելի հատիկ։ Անհասկանալի է նաև նախադասության վերջում դրված բազմակետի իմաստը։ Երևի հեղինակները կանխազգում են, որ այս «պատկերավոր» օրինակը կարդալուց հետո աշակերտները խիստ կզարմանան, որ մարդը կարող է դառնալ «բոլորովին անտեսանելի»։ Իրականում սակայն բերված օրինակը չի համոզում, որ մարդը կդառնա «բոլորովին անտեսանելի»։ Իրոք, եթե մարդու հասակը լինի 170 սմ (1700 մմ) և նա կազմված լինի միայն ատոմի միջուկներից, ապա նրա հասակը կլիներ 1700/10 000 = 0.17 մմ։ Ակնհայտ է, որ 0.17 մմ չափսերով «հատիկը» «բոլորովին անտեսանելի» չէ։

էջ. 65-66. «Ռեզերֆորդն, իհարկե, հասկանում էր, որ ատոմի միջուկը չի կարող կազմված լինել միայն դրական լիցքավորված մասնիկներից (պրոտոններից). չէ՞ որ էլեկտրական վանման ուժերը նման միջուկն անմիջապես «ցաքուցրիվ» կանեին։ Ուստի նա կատարեց շատ խիզախ ու սրամիտ ևս մեկ ենթադրություն. միջուկում, պրոտոններից բացի, առկա են և` զանգվածով պրոտոնին մոտավորապես հավասար, բայց էլեկտրաչեզոք մասնիկներ` նեյտրոններ, որոնք «ցեմենտում» են միջուկը, խանգարելով պրոտոններին միմյանց վանելու։»

Ոչ ոքի հայտնի չէ (երևի բացի այս գրքի հեղինակներից), թե Ռեզերֆորդը ի՞նչն էր հասկանում, իսկ ի՞նչը` ոչ։ Սակայն ատոմների միջուկում նեյտրոնների գոյության մասին նրա ենթադրությունները հիմնված չեն եղել այն փաստերի վրա, որոնք ներկայացված են գրքում։ Մյուս կողմից բացարձակ անհասկանալի է, թե նեյտրոններն ինչպես են «ցեմենտում» պրոտոններին։

Խորհուրդ կտայի հեղինակներին ատոմների միջուկների վերաբերյալ իրենց բարբաջանքները ներկայացնելուց առաջ գոնե կարդան այդ բնագավառին վերաբերող որևէ մասնագիտական գիրք, թեկուզ «Պատանի ֆիզիկոսի հանրագիտարանային բառարան»-ը (ռուսերեն) կամ գոնե ֆիզիկայի դպրոցական դասագրքի համապատասխան բաժինը, որպեսզի չհայտնվեն խղճուկ և ծիծաղելի վիճակում։

էջ. 67 –79– ում ներկայացված են ատոմի էլեկտրոնային կառուցվածքի վերաբերյալ նյութերը։ Իհարկե հնարավոր չէ այդ նյութերում գտնել ճիշտ ձևակերպված գոնե որևէ նախադասություն։ Դրանում կարող է համոզվել ցանկացած ընթերցող։ Այդ պատճառով ես չեմ անդրադառնա լեզվական, շարահյուսական և քերականական բազմաթիվ սխալներին, այլ կբավարարվեմ միայն իմաստային առումով սխալ նախադասություններին, որոնցով այս, գիրքը (կներեք) նույնպես լեցուն է։

էջ.67 «Սակայն շուտով պարզվեց նաև, որ մոլորակային նմանակը հանգեցնում է նաև էական հակասությունների։ Մասնավորապես, քանի որ էլեկտրոնները, ի տարբերություն մոլորակների` լիցքավորված մասնիկներ են, ուստի ճշգրիտ հաշվարկներն անհերքելի ապացուցեցին, որ էլեկտրոնները, անընդհատ կորցնելով իրենց էներգիան, ի վերջո անպայման կընկնեն միջուկի վրա։ Այլ կերպ ասած` նման ատոմ պարզապես չի կարող գոյություն ունենալ։ Առկա էին նաև այլ, նույնպես լուրջ հակասություններ։»

Ըստ երևույթին հեղինակները փորձել են ներկայացնել ատոմի կառուցվածքի Ռեզերֆորդի մոդելի անկայունության պատճառը։ Դրա փոխարեն մեծ հաջողությամբ նրանք կարողացել են ընթերցողներին մատուցել սխալ տեղեկատվության ևս մի փոքր, բայց շատ էական չափաբաժին (դոզա)։ Նախ անհասկանալի է, թե ինչու՞ « քանի որ էլեկտրոնները … լիցքավորված մասնիկներ են », ապա «կընկնեն միջուկի վրա»։ Երկրորդ, ոչ թե «էլեկտրոնները կկորցնեն իրենց էներգիան», այլ ատոմը։

էջ.67 «Այդ հակասություններն սկսեցին հանգուցալուծվել, երբ … Լուի դը Բրոյլը առաջ քաշեց հիրավի՛ հեղափոխական մի վարկած էլեկտրոնի երկակի` և՛մասնիկային, և՛ ալիքային բնույթի մասին։»

Նախ ընդհանրապես հակասությունները չեն հանգուցալուծվում, այլ վերանում են, կամ էլ խորանում։ Երկրորդ, ատոմի կառուցվածքի Ռեզերֆորդի մոդելում առկա հակասությունները «սկսեցին հանգուցալուծվել» ոչ թե Լ. դը Բրոյլի կողմից միկրոնասնիկների մասնիկ-ալիքային երկվության մասին առաջ քաշված վարկածից հետո, այլ Նիլս Բորի կողմից առաջ քաշված հայտնի կանխավարկածների ընդունումից հետո։ Ի միջի այլոց այս գրքում, որը կարծես ոչ թե 7-րդ դասարանի քիմիայի դասագիրք է, այլ նյութի կառուցվածքի մասին անհեթեթ ու այդ պատճառով ծիծաղելի տեղեկատվությունների հավաքածու, գոնե մի անգամ չի նշված Ն. Բորի անունը։ Դա նույնն է, թե հայ գրականության դասագրքերում բացակայեր Ավետիք Իսահակյանի անունը։

էջ.68 « մասնավորապես` էլեկտրոնները, իրենց ալիքային հատկությունների շնորհիվ` ոչ թե պտտվում են որոշակի հետագծով, այլ` կարծես սփռված են որոշ տարածքով (հիշե՛ք արագ պտտվող անվի և պտույտի ընթացքում չնշմարվող անվաճաղերի օրինակը )։»

Հասկանալի չէ, թե ալքային հատկությունների շնորհիվ ինչո՞ւ պետք է էլեկտրոնները սփռվեն, այն էլ որոշ տարածքով։ Ինչ վերաբերում է անվաճաղերին, ապա հայտնի է, որ անիվի պտտման որոշ արագության դեպքում անվաճաղերը ոչ միայն հստակ երևում են, այլև կարող են մեզ թվալ անշարժ։ Այնպես որ բերված օրինակը ոչ մի կապ չունի միկրոմասնիկի մասնիկ-ալիքային երկվության (դուալիզմի) հետ։ Հաջորդ նախադասությունն ավելի զվարճալի է` «Ապացուցված է, որ ինչքան փոքր է մասնիկի զանգվածը, այնքան գերակշռում են իր ալիքային հատկությունները, և ավելի մեծ տարածքով է մասնիկը սփռվում»։ Այնուհետև` «… ջրածնի կամ հելիումի ատոմում էլեկտրոնները մոտավորապես ատոմի չափով ծավալ են զբաղեցնում։ Օրինակ ջրածնի կառուցվածքն այսպիսինն է ( բերված է իբրև ջրածնի կառուցվածքն արտացոլող նկար)»։ Հաջորդ շարադրանքից հետևում է, որ «միջուկը կազմող պրոտոնները և նեյտրոնները նույնպես սփռվում են, բայց շատ ավելի փոքր տարածքով` ատոմի միջուկի չափով։»

Համոզված եմ, եթե Ռեզերֆորդը կամ դը Բրոյլը մի պահ հարություն առնեին և մի քիչ հայերեն սովորելուց հետո կարդային այս գրքի 67-րդ և 68-րդ էջերը, ապա անմիջապես կհրաժարվեին երկրային կյանքից։ Լավ է, որ 7-րդ դասարանցիները ոչինչ չգիտեն ատոմի կառուցվածքի մասին, այլապես նրանք նույնպես կհետևեին Ռեզերֆորդի կամ դը Բրոյլի օրինակին։

Գրքում բազմաթիվ անգամ կարելի է հանդիպել «գումարային թիվը» արտահայտությանը։
Օրինակ.
«միջուկում պրոտոնների և նեյտրոնների գումարային թիվը» արտահայտության փոխարեն պետք է լինի «միջուկում պրոտոնների և նեյտրոնների թվի գումարը»։

էջ. 70 «…զորեղ ուժեր…»

Եթե «զորեղ» բառի փոխարեն օգտագործենք դրան համարժեք «ուժեղ» բառը , ապա կստացվի «ուժեղ ուժեր» ծիծաղելի բառակապակցությունը, քանի որ ուժը կարող է լինել մեծ կամ փոքր, այլ ոչ թե ուժեղ կամ թույլ։ Չնայած առօրյա խոսակցության մեջ հանդիպում են «էժան գներ» , «գների թանկացում » և նման այլ սխալ բառակապակցություններ (պետք է լիներ ցածր գներ, գների աճ , էժան ապրանք , թանկ ապրանք և այլն), սակայն դասագրքում այդպես ներկայացնելն անթույլատրելի է։

էջ 75. «Հայաստանի Մեծամորի ատամային էլեկտրակայան» -ն ունի իր իսկական անունը` «Հայկական ատոմային էլեկտրակայան», կամ կրճատ ՀԱԷԿ։ Հետևաբար պետք չէ ներկայացնել դրա սխալ անվանումը։

էջ 77. «… ինչպես չի կարող անտակ տակառ գոյություն ունենալ, այնպես էլ` ցանկացած էներգիական մակարդակում կարող են տեղ գտնել սահմանափակ, խիստ որոշակի թվով էլեկտրոններ»։

Այս արտահայտությունը սույն գրքում բերված «մտքի գոհարներից» կարելի է համարել։ Հեղինակներին պետք է հայտնի լինի, որ երբ ցանկանում են այլաբանորեն ներկայացնել մի տարողություն, որի ծավալը շատ մեծ է, այն համեմատում են ոչ թե անտակ տակառի հետ, այլ անտակ հորի։ Պատճառն այն է, որ նախ անտակ տակառի մեջ հնարավոր չէ հեղուկ լցնել , երկրորդ, որ անտակ տակառ միշտ էլ կարելի է գտնել, բավական է տակառի տակը հանել։ Իսկ այ անտակ հոր չի կարող լինել, քանի որ ինչքան էլ այն խորացնենք, միևնույն է տակ կունենա։ Այդ է պատճառը, որ շատ մեծ ծավալ ունեցող տարողությունները հաճախ համեմատում են «անտակ հորի» հետ։ Օրինակ` կարելի է ասել, որ « Հայաստանի քիմիայի ուսուցիչների համբերության բաժակն անտակ հոր է, որ նրանք այսքան տարի հանդուրժում են սույն դասագիրքը։

էջ 77. « Ցանկացած քիմիական տարրի ատոմի հիմնական վիճակում էներգիական մակարդակների թիվը համընկնում է պարբերական աղյուսակի այն պարբերության համարին, որում ներառված է այդ տարրը»։

Այս նախադասությունը գրքում բերված է հատուկ ընդգծված կերպով, որպես կարևորագույն եզրակացություն։ Սակայն հեղինակները երևի անտեղյակ են, որ նախ ատոմի էներգիական մակարդակների թիվն ընդհանրապես չի կարող լինել սահմանափակ, իսկ մյուս կողմից էլ այդ էներգիական մակարդակները չեն պատկանում տարրի ատոմին, ուր մնաց, թե այդ մակարդակների թիվը հավասար լինի (ըստ հեղինակների` համընկնի) պարբերության համարին։

Ատոմում ըստ էներգիական մակարդակների էլեկտրոններով «բնակեցման» կարգը ներկայացնելուց հետո հեղինակները այնուհետև գրում են.

էջ.78 «Սակայն այս պահից «տարօրինակություններ» են սկիզբ առնում»։

Հարգելի հեղինակներ, ոչ մի տարօրինակություն էլ չկա, պարզապես ատոմում էլեկ-տրոնների «բնակեցումն» ըստ էներգիական մակարդակների դուք խիստ սխալ եք պատկերացնում։ Տարօրինակն այստեղ միայն դա է։ Եթե նեղություն քաշեիք գոնե որոշ գրքերից ծանոթանալ, թե ինչ հաջորդականությամբ են էներգիական մակարդակները լրացվում էլեկտրոններով, ապա դուք ոչ մի տարօրինակությունների չէիք հանդիպի և, որ ամենակարևորն է, աշակերտներին թյուրիմացության մեջ չէիք գցի։ Եթե համարում եք, որ գիրք կարդալը ձեր համար ժամանակի ավելուրդ վատնում է, ապա կորող էիք գոնե դիմել համապատասխան մասնագետի։

Էջ 82. «…պարբերության համարի ֆիզիկական իմաստը հետևյալն . Պարբերության համարը համընկնում է այդ պարբերությունում ընդգրկված տարրերի էներգիական մակարդակների թվին և արտաքին էներգիական մակարդակի համարին »։

Այս արտահայտությունը, որը նույնպես գրքում հատուկ ընդգծված է, կրկնում է այն սխալները, որոնց մասին արդեն նշվեց ( տես էջ 77-ում ներկայացված ընդգծված արտահայտությունը)։ Էներգիական մակարդակների վերաբերյալ հեղինակների սխալ պատկերացման դրսևորումներից է նաև հետևյալ ընդգծված արտահայտությունը`

Էջ. 84. «Գլխավոր ենթախմբերում ներառվող տարրերի ատոմում էլեկտրոններով լրացվում է բացառապես արտաքին էներգիական մակարդակը, մինչդեռ երկրորդական ենթախմբերում ներառվող տարրերի ատոմում այդ մակարդակը չի լրացվում, այլ` լրացվում են միջուկին ավելի մոտ էլեկտրոնային շերտերը»։

Ըստ երևույթին հեղինակները ատոմը պատկերացնում են կաղամբի նման։ Այլապես նրանք ատոմի էներգիական մակարդակները, որոնք իրական էն և չափման ենթակա, չէին նույնացնի «էլեկտրոնային շերտ» խիստ պայմանական հասկացության հետ։

Միաժամանակ հեղինակները մոռանում են, որ իրենք գործ ունեն նոր-նոր ատոմի կառուցվածքին ծանոթացող երեխաների հետ։ Իսկ երեխաները հակված են ամեն ինչ իրար հետ փոխկապակցված տեսնելու։ Այսինքն նրանց միշտ հետաքրքրում է, թե ինչո՞ւ է այս ինչ բանն այսպես, այլ ոչ թե այնպես։

Ատոմի կառուցվածքին վերաբերող 3-րդ գլխի վերջում ներկայացված են այն հիմնական գիտելիքները, որոնք ըստ հեղինակների սովորեցին աշակերտները։

Ինչպես գրքի ցանկացած էջում, այստեղ նույնպես առկա են բազմաթիվ սխալ և զավեշտալի մտքեր։ Չնայած հուսով եմ, որ ոչ բոլոր ուսուցիչներն ու աշակերտներն են լուրջ ընդունել այստեղ բերված մտքերը, սակայն ցանկանում եմ ներկայացնել դրանցից իմ կարծիքով առավել հետաքրքիրները։

Էջ 87. «* Էլեկտրոններն ատոմի շուրջը կազմում են ատոմի էլեկտրոնային թաղանթը, ընդ որում` ատոմում էլեկտրոնների թիվը հավասար է միջուկի լիցքին»։

Նախ էլեկտրոնները ոչ թե ատոմի շուրջն են կազմում էլեկտրոնային թաղանթ, այլ միջուկի (սրա մասին արդեն նշվել է), մյուս կողմից էլ նախադասության երկրորդ մասն այստեղ տեղին չէ։

3. «Էլեկտրոնի լիցքը հարաբերական միավորներով հավասար է -1, իսկ պրոտոնի լիցքը` +1։ Ատոմում բոլոր էլեկտրոնների գումարային լիցքն իր բացարձակ արժեքով հավասար է միջուկ լիցքին, այսինքն`ամբողջությամբ վերցրած ատոմն էլեկտրաչեզոք է։»

Իհարկե բերված միտքը կարելի է շարադրել ավելի մատչելի և բնական հայերենով։ Օրինակ կարելի էր գրել «էլեկտրոնների լիցքերի գումարը », սակայն անթույլատրելի է գրել, որ էլեկտրոնի կամ պրոտոնի լիցքերն արտահայտված են հարաբերական միավորներով։ Դրա փոխարեն պետք էր գոնե որևէ տեղ նշել, որ պրոտոնի կամ էլեկտրոնի լիցքերն արտահայտված են լիցքի ատոմական միավորներով, այլ ոչ թե լիցքի հարաբերական միավորներով, քանի որ այդպիսի միավոր պարզապես գոյություն չունի։

6. «Էլեկտրոններն … իրենց ալիքային հատկությունների շնորհիվ, ոչ թե պտտվում են որոշակի հետագծով, այլ` կարծես սփռված են որոշակի տարածքով։ Այդպիսի սփռված էլեկտրոնն ընդունված է անվանել էլեկտրոնային ամպ»։

Ես չեմ անդրադառնա 6. կետում բերված տեքստի կետադրությանը և քերականությանը։ Սակայն իմ համար հասկանալի չէ, թե ալիքային հատկությունների շնորհիվ էլեկտրոնն ինչպես է «սփռվում որոշակի տարածքով» ։ Բացարձակ անթույլատրելի է աշակերտներին ներկայացնել «էլեկտրոնային ամպ» հասկացության բացարձակ սխալ և անթույլատրելի այսպիսի մեկնաբանություն։

25. «Գլխավոր ենթախմբերում ներառվող տարրերի ատոմում էլեկտրոններով լրացվում է բացառապես արտաքին էլեկտրոնային մակարդակը, մինչդեռ երկրորդական ենթախմբերում ներառվող տարրերի ատոմում այդ մակարդակը չի լրացվում, այլ` լրացվում են միջուկին ավելի մոտ էլեկտրոնային շերտերը»։

Արդեն նշել ենք, որ հեղինակները հաճախ նույնացնում են «էլեկտրոնային շերտ» և «էներգիական մակարդակ» հասկացությունները։ Դրա հետևանքով աշակերտներն այդպես էլ չեն հասկանում էլեկտրոններով էներգիականի մակարդակների լրացման կարգը։

Էջ.89 «… գնացքների ռելսերը պատրաստում են հատուկ բացակներով, որ ամռանը ջերմությունից լայնանալիս ռելսերը չվնասվեն»։

Հասկանալի է, որ հեղինակները ցանկացել են ցույց տալ, որ ամռանը ջերմաստիճանի բարձրացումից ռելսերը երկարում են։ Այդ պատճառով ռելսերը տեղադրում են բացակներով , որպեսզի երկարացման դեպքում այդ բացակների փոքրացման շնորհիվ դրանք չծռվեն։ Սակայն գրածից պարզ չէ, թե ռելսերը լայնանալիս ինչու պետք է վնասվեն։

Էջ.89 «Նյութը փոքրագույն մասնիկներից բաղկացած լինելու վարկածն առաջադրել են Հին Հունաստանի գիտնականները և այդ մասնիկներն անվանել մոլեկուլներ (մոլեկուլ բառը լատիներեն է ու նշանակում է հենց փոքրագույն զանգված)»։

Նախ անհրաժեշտ է նշել, որ Հին Հունաստանում «գիտնականներ» չկային, այլ կային փիլիսոփաներ։ Մյուս կողմից նրանք ենթադրել են, որ բոլոր նյութերը կազմված են անբաժանելի մասնիկներից` ատոմներից, այլ ոչ թե մոլեկուլներից։ Մոլեկուլ բառը սկսել են գործածել 19-րդ դարի առաջին քառորդից միայն։ Մյուս կողմից պետք է գրվեր, որ «մոլեկուլ» եզրը (կամ տերմինը) առաջացել է նոր լատիներեն molecule բառից, որը լատիներեն moles` զանգված բառի փաղաքշական կամ փոքրացնող ձևն է»։ Ինչպես օրինակ եզ և եզնիկ բառերը։ Եզնիկ բառը, օրինակ, չի նշանակում փոքրագույն եզ։

Էջ 93. «…մագնեզիումի ու ծծմբի 3։4 զանգվածային հարաբերության դեպքում կստացվի 7 գ մագնեզիումի սուլֆիդ»։

Ստացվում է, որ 300 կգ մագնեզիումից և 400 կգ ծծմբից կստացվի 7 գ մագնեզիումի սուլֆի՞դ։ Խիստ կասկածելի է։

Իսկ եթե առանց հեգնանքի, ապա միայն բերված նախադասությունը բավարար է, որպեսզի քննարկվող գիրքն անհապաղ մեկուսացվի աշակերտներից։

Էջ 96 «Զանգվածային բաժինը … ցույց է տալիս, թե տարրի հարաբերական ատոմային զանգվածի ու ինդեքսի արտադրյալը հարաբերական մոլեկուլային զանգվածի ո՞ր մասն է կազմում։»

Զանգվածային բաժնի իմաստն արտահայտված է շատ խրթին ու անհասկանալի կերպով։ Ասվածից պարզ չէ, թե օրինակ ինչպես պետք է որոշել տվյալ դասարանում յուրաքանչյուր աշակերտի զանգվածային բաժինը։

Զանգվածային բաժնի արտահայտումը տոկոսներով նույնպես սխալ է ներկայացված, քանի որ «…բազմապատկվում ենք 100%-ով» արտահայտությունը ճիշտ չէ։ Անհրաժեշտ է տոկոսի մասին խոսել այնպես, ինչպես մաթեմատիկայի գրքերում է։

Էջ 99. Հասկանալի չէ, թե միացության բանաձևն արտածելու համար ինչու պետք է տարրի զանգվածային բաժինը (այն էլ %-ով արտահայտված), բաժանել տարրի հարաբերական ատոմային զանգվածին ու կազմել համամասնություն։

էջ. 104. Խարույկում ոչ թե անհետանում է փայտի զանգվածը (տես նկ.4.7-ի տակ), այլ զանգվածի մի մասը, քանի որ մոխիրը նույնպես զանգված ունի։

Էջ 106. 3. խնդրից հետևում է, որ աղաթթուն 100%-անոց է, ինչն իհարկե աբսուրդ է։

Էջ 108. «… պետք է հաշվի առնել հետևյալ նկատառումները.»

«նկատառումները» ոչ թե հաշվի են առնում, այլ ունենում են։

Էջ 110. «Ատոմների հատկությունները. էլեկտրաբացասականություն» թեման պետք է վերաշարադրել, քանի որ ներկայացված տեքստում ինձ չհաջողվեց որևէ ճիշտ արտահայտություն գտնել։

Էջ.121 Դիպոլ մոմենտների վեկտորների ուղղությունները սխալ է ցույց տրված։

Էջ.127 «…բաղադրիչ տարրերի վալենտականությունները պայմանականորեն ընդունվում են համապատասխան իոնների լիցքերին հավասար»։

Արդեն նշվել է, որ չի կարելի իրար հետ համեմատել տարբեր հասկացողություններ բնութագրող թվերը, ինչպիսինն են իոնի լիցքը և տարրի վալենտականությունը։

Էջ.128 « մեծավ մասամբ` -2» գրաբար արտահայտության փոխարեն պետք է լինի «մեծամասամբ`-2»։

էջ 129 (Վերջում նշենք, որ օքսիդացման աստիճան հասկացությունն իմաստազրկվում է, եթե քիմիական միացության մոլեկուլը կազմող տարրերի էլեկտրաբացասականությունները միմյանց շատ մոտ են։ Պատճառն այն է, որ այդ դեպքում քիմիական կապը ոչ մի մոտավորությամբ չի կարելի իոնային համարել, քանի որ տարանուն լիցքերի մասին խոսելն իսկ պարզապես անիմաստ է։ Ուստի նման միացությունները ( օրնակ` ծծմբածխածինը` CS2) բնութագրվում են միայն այդ միացությունները կազմող քիմիական տարրերի վալենտականություններով։)

Ինչքան հասկացա ըստ հեղինակների որոշ քիմիական միացություններում տարրերը չունեն օքսիդացման աստիճան, քանի որ տարրերի ԷԲ-երն իրար շատ մոտ են։ Սակայն եթե նախորդ էջում տրվեր օքսիդացման աստիճանի ճիշտ սահմանումը, ապա հեղինակներն այդպիսի տարօրինակ և սխալ եզրակացության չէին հանգի։

Էջ 129. Վարժություններից 3-ը, 4-ը, 5-ը և 7- ը կամ սխալ են կամ էլ ոչ միանշանակ։

Ընդհանրապես յուրաքանչյուր թեմայից հետո առաջադրվող վարժությունների ու հարցերի մեծ մասը կամ սխալ է ձևակերպված կամ էլ իմաստազուրկ է։

Էջ 131. «Որոշում ենք օքսիդացման աստիճանների ամենափոքր բազմապատիկը …»։

Ընդգծված արտահայտությունը սխալ է։ Պետք է լինի «ամենափոքր ընդհանուր ամբողջ բազմապատիկը»։ Այդ սխալը նշված էջում հանդիպում է 3 անգամ։

Էջ 134. «Բյուրեղացանցեր» սխալ արտահայտության փոխարեն, որը դժբախտաբար շատ տարածված է հայերեն գրականության մեջ, անհրաժեշտ է օգտագործել «բյուրեղավանդակներ » բառը։

Էջ 134. «Գոյություն ունեն շատ պարզ ձևակերպվող հարցեր, որոնց պատասխանելը սակայն, գիտելիքների մեծ պաշար է պահանջում։ Ահավասի’կ, ինչո՞ւ ամռանը ջուրը հեղուկ է, իսկ ձմռանը` պինդ, ինչու օդն ամառ թե ձմեռ գազային վիճակում է»։

Կարելի է մտածել, թե ամռանը սառույց չի լինում, իսկ ձմռանը մարդիկ չեն կարող ջուր խմել, այդ պատճառով սառույց են ուտում։

Էջ 134 «Ինչպես գիտեք` սովորական պայմաններում նյութերը կարող են լինել գազային, հեղուկ և պինդ, ինչպես նաև ամորֆ վիճակներում… »։

Անձամբ ես դա չգիտեի, որովհետև առաջին անգամ եմ դա կարդում։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա զարմանալի է, որ հեղինակներն ամորֆ վիճակն ընդունում են որպես ագրեգատային վիճակ։ Չնայած այս գիրքը կարդալուց հետո դադարում ես զարմանալուց։

Էջ 134. Իոնային բյուրեղացանցերի կառուցվածքը սխալ է մեկնաբանված։

Էջ. 135 «Մոլեկուլային բյուրեղացանցով պարզ նյութեր են … իներտ գազերը…»։

Կոպիտ սխալ է ու վնասակար պնդում։

Էջ. 136. Օզոնը, ինչպես ամբողջ աշխարհում անվանում են O3-ին, չի կարելի անվանել եռթթվածին խիստ սխալ տերմինով, քանի որ այդ տրամաբանությամբ գործելով շատ նյութեր կարող են ստանալ տարօրինակ անվանումներ։

էջ 136. «մնացյալ» բառը, որը գրաբար է, պետք է փոխել մնացած բառով։

Էջ 139 «… կարող են լինել պինդ, հեղուկ ու գազային, նաև` ամորֆ վիճակներում»։

Այսինքն նորից «ամորֆն» ըստ հեղինակների նյութի ագրեգատային վիճակ է։

Էջ 142-ում և հետագա էջերում բազմաթիվ անգամ «խառնուկ» բառի փոխարեն օգտագործվում է «խառնուրդ» բառը։

Էջ 142. «Ջրի մեջ մի քիչ ավազ լցնենք։ Ջուրը կպղտորվի…»

Սխալ է։ Եթե օրինակ ջրի մեջ լվացած ավազ լցնենք, ապա այն չի պղտորվի։

Էջ 143. «… աչքին անտեսանելի…» արտահայտությունը ժարգոնային է։ Դրա փոխարեն պետք է լիներ պարզապես «անտեսանելի»։

Էջ 144 «… կլորատակ կոլբեր..»– ի փոխարեն պետք է լիներ «կլորահատակ կոլբեր»։

Էջ 148 «Այս բաժնում դուք սովորեցիք» բաժնում ներկայացված 60 կետերից 20-ում կան սխալ, խրթին կամ անհասկանալի ձևակերպված մտքեր։ Օրինակ 36 կետում «Հագեցվածությունը» տերմինի փոխարեն պետք է լինի «հագենալիություն»։

Էջ 155. «1 զ.ա.մ. զանգվածն օժտված է 9,315.108 ԷՎ կամ 931,5 ՄԷՎ էներգիայով»։

Այս նախադասությունից ոչինչ հնարավոր չէ հասկանալ։

Էջ 155 «Միավորների միջազգային համակարգում հիմնական միավորը` կգ/մ3»։

Միավորների միջազգային համակարգում հիմնական միավորներ են մետրը, վայրկյանը, կիլոգրամը և մոլը։ Իսկ խտության միավորը` ածանցյալ միավոր է։

Էջ 156 Նյութերի լուծելիությունները համեմատելիս պետք է դասակարգել կամ լավ, վատ, միջին, կամ էլ շատ, քիչ , միջին, այլ ոչ թե լավ, քիչ։

Ինչ խոսք, դասագրքի համար այս ծավալի սխալները և անճշտությունները ճափազանց շատ են և խիստ անթույլատրելի։

Այսպիսով, ավարտելով սույն ստեղծագործության առաջին ընթերցումը, եկա այն եզրակացության, որ հնարավոր չէ քիմիայի հետ առաջին անգամ առնչվող պատանուն կամ աղջկան քիմիայից հետագայում իսպառ հեռացնելու նպատակով ավելի լավ դասագիրք գրել, քան սույն գիրքն է։

Եթե ՀՀ հատուկ ծառայությունները հոգան համապատասխան ֆինանսական ծախսերը, ապա ես պատրաստ եմ այս գիրքը թարգմանել ադրբեջաներեն ու տարածել մեր հարևան երկրում։ Կարծում եմ դրա արդյունքում մի քանի տարի հետո Ադրբեջանի նավթաքիմիական արդյունաբերությունը լրիվ կաթվածահար կլինի` քիմիկոս կադրերի խիստ անբավարարության հետևանքով։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա կարծում եմ բերված դիտողությունները առավել քան բավարար են, որպեսզի այս և Լ.Սահակյանի համահեղինակությամբ քիմիայի դասագրքերն ընդհանրապես անհապաղ հետ կանչվեն դպրոցներից, իսկ այն անբարեխիղճ մասնագետներին, որոնց թողտվությամբ դրանք մտել են դպրոց, ենթարկել խիստ պատասխանատվության։

Կարծում եմ անհրաժեշտ է անհապաղ վերանայել Հայաստանի Հանրապետության դպրոցական դասագրքերի ԿԳՆ նախարարության կողմից երաշխավորման ներկայումս գործող կարգը։ Մասնավորապես դասագրքերի երաշխավորման համար անհրաժեշտ է դրանք ենթարկել գիտական, մանկավարժական, լեզվական և ինչո՞ւ չէ, գեղարվեստական փորձաքննության։ Վստահ եմ, որ ՀՀ-ում կան համապատասխան որակավորմամբ և բարոյական բարձր պատասխանատվությամբ համապատասխան մասնագետներ։ Իսկ փորձաքննության անաչառության ապահովման համար ցանկության դեպքում միշտ էլ կարելի է համապատասխան կարգ մշակել։

Նորություն ասած չեմ լինի, եթե ասեմ, որ դպրոցական դասագրքերի ստեղծմանը պետք է վերաբերվել ոչ պակաս լրջությամբ, քան ազգային անվտանգությանը, քանի որ դպրոցում է դրվում ազգային անվտանգության հիմքը։

ԵՊՀ ֆիզիկական քիմիայի ամբիոնի պրոֆեսոր,
քիմիական գիտությունների դոկտոր Օ. Ա. Քամալյան

12.09.2011 թ.

Հեղինակ՝ Օլեգ Քամալյան

ԵՊՀ ֆիզիկական քիմիայի ամբիոնի պրոֆեսոր, քիմիական գիտությունների դոկտոր

Դիտեք նաև

Նույնիսկ Սերն է քիմիայի արդյունք

Ի վերջո ի՞նչ է իրենից ներկայացնում այդ գեղեցիկ զգացմունքը, որը անվանում են ռոմանտիկ սեր: Փսիխոֆարմակոլոգները գտնում ...

28 մեկնաբ.

  1. Զարմանալի է, որ ինձանից բացի ոչ ոք կարծիք չունի այդ գրքի մասին:
    Կարծում եմ մեր քիմիկոսները և քիմիայի ուսուցիչներն արժանի են, որ ունենանք այսպիսի խայտառակ դասագիրք, այն էլ 7-րդ դասարանում:
    Որոշ մասնագետներ երևի ունեն սեփական կարծիք, բայց դրա հետ համաձայն չեն:

    • Ցավոք ոչ բոլորն են համարձակվում իրենց կարծիքը գրել:
      Իսկ ինչ վերաբերում է ինձ, ապա. երբ ես դասավանդում էի քոլեջում, ես խստիվ արգելել էի իմ ուսանողներին բացել այդ գիրքը: Այլապես նրանց մոտ իսպառ կվերանար հետաքրքրությունը քիմիայի հանդեպ:

      • Միանգամայն համաձայն եմ ձեզ հետ,պարոն Քամալյան: Քիմիայի ուսուցիչները ոչինչ անել չեն կարող դեմ: Պարզապես մեր սերունդն է հայտնվել անդունդի եզրին: Խեղաթյուրված դասագրքերի պատճառով սովորողը կորցրել է հետաքրքրությունը քիմիայի հանդեպ լիովին: Եւ որակ չապահովելու համար բռունցքները թափ են տալիս ուսուցչի վրա: Իմ գիտակցական կյանքի ընթացքում չեմ հիշում մի դեպք, որ աշակերտը քիմիա սիրի եւ սովորի քիմիկոս դառնալու համար, ստիպողաբար սովորում են միայն բժիշկ դառնալու համար: Ցավում եմ մեր կործանվելիք քիմիայի ապագայի համար:

        • Վադիկ Մարտինյան

          Լիդա Սահակյանի և Առլիկ Խաչատրյանի հրատարակած դպրոցական 12-րդ դասարանի գրքում ջրի մոլեկուլում ջրածնի և թթվածնի միջև անկյունը գրել են 104.27′ իսկ մինչև այս գրքի ի հայտ գալը մենք գիտեին որ այդ անկյունը 104.5′:Հետո էլ որ իմ երեխաներին հասնի կդառնա 100 🙂

  2. Վահագն Պետրոսյան

    Ամեն ինչ գրված է հանգամանալից և հիմնավորված, կարծում եմ այսքանից հետո բառերն ավելորդ են:

  3. Կարող եք խաբել քիմիայից ոչինչ չհասկացող մարդկանց: Ցավում եմ, որ նմանատիպ դասագրքերի պատճառով քիմիան որպես գիտություն զարգացման ոչ մի միտում չունի: Խղճում եմ մեր երեխաներին

  4. Վատ դասագրքերից միայն դժգոհելով երբեք հնարավոր չէ դրանց հետագա ծնունդները կանխել: Անհրաժեշտ է դրանց դեմ պայքարել ուսուցիչների, մանկավարժ-գիտնականների, ծնողների և ընդհանրապես այն բոլոր մարդկանց համատեղ ջանքերով, որոնք անտարբեր չեն ազգի ապագայի նկատմամբ: Սակայն դատելով Քիմիա 7 դասագրքի մասին իմ ոչ այնքան լավ կարծիքի մասին արձագանքների ‘առատությունից’, կարելի է չկասկածել, որ դրանց նման գրքերի թիվը շուտով կբազմապատկվի:
    Եթե “հայկական մենթալիտետը” հնարավորություն չի տալիս որոշ մարդկանց բացահայտ արտահայտնելու իրենց կարծիքը, ապա նրանք կարող են իրենց կարծիքներն ուղարկել իմ հասցեով` Երևան, Ա.Մանուկյան 1, ԵՊՀ, քիմիայի ֆակուլտետ, կամ kamalyan@ysu.am.

    • Իմ կարծիքը անփոփոխ մեկն է. դասագիրք չկա: Դպրոցներում տվեցին թերթիկներ լրացնել` քիմիայի ծրագրերը բեռնաթափելու եւ բարեփոխելու նպատակով, սակայն ինչպես ցույց է տալիս հետագա ընթացքը` չարեփոխված ծրագրերով պետք է աշխատենք: Ես միանում եմ դրանց դեմ պայքարելու ցանկացած ծրագրի կամ միջոցառման: Չէ որ, մի 20 տարի հետո Հայաստան երկրում այլեւս քիմիա դասավանդող մասնագետներ չենք ունենա: Ովքեր կլինեն մեր ապագա քիմիկոսները` բժշկական ֆակուլտետից դուրս մնացած, շատ ցածր, կամ ընդհանրապես դրական ցուցանիշ չունեցող մարդիկ, չասեմ մասնագետներ:

  5. Իսկ ինչ կասեք այլ հրատարակությունների մասին,ես անձամբ 7-րդ և 9-րդ դասարաններում քիմիա չեմ հասկացել:9-րդ դասարանի դասագրքում դասերը այնքան երկար էին ու միանգամից այնքան շատ հատկությունների մասին էր մի դասին խոսվում,որ հնարավոր չէր ոչինչ հիշել

    • Հարգելի Արամ,
      հարցը հենց նրանումն է, որ որոշ հեղինակներ սեփականաշնորհել են դասագիրք գրելու իրավունքը և նյութը ներկայացնում են այնպես, ինչպես կարող են, այլ ոչ թե այնպես, ինչպես պետք է: Դրա դեմն առնելու համար պետք է իրենց ձայնը բարձրացնեն ոչ միայն աշակերտները, այլև ծնողները և ուսուցիչները: Ես պատրաստ եմ քիմիայի դասագրքերի վերաբերյալ նրանց կարծիքներն ի մի բերելու և ներկայացնելու համապատասխան ատյաններին:

  6. Համամիտ եմ ձեզ հետ,ու չնայած ես էլ այդ գրքերով չեմ սովորելու,բաըց ունեմ քույր և եղբայր ովքեր ստիպված կլինեն սովորել այդպիսի <>ներով

  7. Օլեգ Քամալյան

    Պետք չէ այդպես վատատես լինիլ: Համոզված եմ, որ քո քույրը և եղբայրը անհամեմատ ավելի լավ դասագրքեր կունենան: Դրան է ուղղված նաև իմ կողմից նշված գրքի մեղմ ասած քննադատությունը:
    Հարգանքներով` Քամալյան Օ.

  8. Es inqs ayd grqov em sovorel 7 dasaranum. Chishta girq@ uner terutyunner, bayc de usucchuhus shnorhiv chem datarel qimian sirel. ))))))) Bayc ayd girq@ aveli lavn e, qan te Arlik xachatryani dasagrqer@.

  9. Arami het hamadzayn em, grqeric mi qanis@ shat anhamapatasxan en erexu tariqi u dasarani het.

    • Կոնկրետ այս գրքի մասին կա մի շատ վտանգավոր ու սխալ կարծիք, համաձայն որի այն շատ բարդ է և երեխաներն այն դժվար են հասկանում: Իրականում դա այդպես չէ: Այդ գիրքը ոչ թե բարդ է գրված, այլ անգրագետ է գրված: Այդ է միայն պատճառը, որ ոչ միայն երեխաները, այլև նրանց ուսուցիչները բան չեն հասկանում այդ գրքից: Իսկ եթե Դավիթի ուսուցչուհին կարողացել է նրա մոտ սեր առաջացնել քիմիայի հանդեպ, ապա կեցցե այդ ուսոցչուհին:
      Ցանկանում եմ նաև նշել, որ չի կարելի վատ դասագիրքը համեմատել շատ վատ դասագրքի հետ: Դասագրքի որակը որոշվում է նաև նրանով, թե առանց ուսուցչի օժանդակության ինչքան է այն յուրացվում աշակերտի կողմից:

      • Վադիկ Մարտինյան

        Ես ձեզ հետ համամիտ եմ իսկ նոր կազմած 6-7 րդ դասարանցիները չեն կարողանում յուրացնեն նրանք ինչ հասկանան լուծելիությունը դա նրանց տարիքի համար չէ համամիտ չեք ինձ հետ

  10. 9-րդ դասարանի Ա. Խաչատրյանի գիրքը*որ ես տարի եմ անցնում* դուրս գալիսա ու շատ համարավետա: 8-րդ դասարանի գիրքը իմ դուրը էնքանով չեկավ վոնցվոր հին 7-րդ դասարանի գիրքն էր: Սա ընդամենը իմ կարծիքնա, ես չեմ ասում վոր Ա. Խաչատրյանը վատ մասնագետա, ընդհակառակը լավ մասնագետա:

  11. Ինքս քիմիայի ուսուցչուհի եմ և այսքան մանրամսն վերլուծություն դեռևս ոչ մի այլ ուսուցչից չեմ ստացել: Շնորհակալություն, մինչ այս տարի դասավանդում էի Ա. Խաչատրյանի դասագրքով, որը չէր հիասթափեցնում աշակերտին առարկայից: Իսկ այն, որ ընդգրկված են խառնափնթոր թեմաներ 7-րդ դասարանի քիմիայի ծրագրում, լիովին անընդունելի են, մեր բոլոր նկատառումները ներկայացրել ենք Կրթության ազգային ինստիտուտի համապատասխան մասնագետներին: Այո, դասագիրքը, դասագրքի լեզուն, ծրագիրը բոլորը ենթակա են փոփոխման, այլապես առանց այն էլ խրթին առարկան դարձել է անհասկանալի և աննպատակ:

  12. Chishtn asac hexinakneric parz er te inchpisin e grqi vorak@… Arlik Xachatryani grqer@ shat parz en grac u haskanali isk Lida Arshakovnayin@ shat bard, anhaskanalu u lecun bazmativ sxalnerov ( u voch miayn grqerum nayev shtemarannerum, olimpiakan xndirnerum)

  13. Դե եթե բերված այդքան սխալներով հանդերձ գիրքը կարելի է համարել նորմալ՝ ուրեմն նորմալ է…

  14. Եթե այդ գիրքը քիմիայից Ձեզ հայտնի միակ գիրքն է, ապա այն իհարկե, նորմալ է, որովհետև համեմատելու բան չունեք: Իսկ եթե առանց կատակի, ապա շատ ցավալի է, որ Ձեր կարծիքն անհիմն է:

  15. Ես լինելով քիմիկ-ինժեներ, չեմ կարողանում այս նյութերով մի փոքր հետաքրքրություն առաջացնել իմ երեխայի մեջ, առարկայի նկատմամբ: Քանի որ 7 դասարանի երեխայի համար, որը նոր է ուսումնասիրում առարկան, շատ բարդ ու անհասկանալի է : Կան նյութեր, որոնք ես ուսումնասիրել եմ ԲՈՒՀ-ում : Առանց պատկերացում կազմելու երեխան ինչպես հաշվի ատոմի զանգվածը, զանգվածային բաժինները և այլն, այն էլ 4-5 դաս հետո:

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Time limit is exhausted. Please reload the CAPTCHA.