Շաբաթ , Նոյեմբեր 18 2017
Գլխավոր / ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ / ՀԱԿԱՌԵԶՈՆԱՆՍԱՅԻՆ ԱՐՇԱՎԸ ՔՎԱՆՏԱՅԻՆ ՔԻՄԻԱՅՈՒՄ

ՀԱԿԱՌԵԶՈՆԱՆՍԱՅԻՆ ԱՐՇԱՎԸ ՔՎԱՆՏԱՅԻՆ ՔԻՄԻԱՅՈՒՄ

Կրոնին չի կարելի նայել կողքից,
կողքից համարյա ոչինչ չի երևում
Ն.Ա.Բերդյաև

Ինչպես ցույց է տալիս հասարակության զարգացման պատմությունը, ամեն անգամ, երբ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով հասարակության մեջ տեղի է ունենում որևէ կտրուկ փոփոխություն, այն մարդկային գործունեության բոլոր բնագավառների վրա իր կործանարար ազդեցությունն է ունենում։ Հայտնի է, որ ցանկացած հեղափոխություն իրականացվում է «խելագարված ամբոխների» անմիջական մասնակցությամբ։ Այդ պատճառով հասարակության անցումային շրջանում ի հայտ եկող խնդիրների քննարկումները, հատկապես եթե դրանք որևէ կերպ չեն կարող խարխլել հեղափոխության առաջնորդների իշխանությունը, համարյա միշտ ծիսական նշանակությու են ստանում։ Այդ է պատճառը, որ հասարակության ճգնաժամային պահերին գիտության և արվեստի մեջ ի հայտ են գալիս նոր «տեսություններ» և «ուղղություններ», որոնք որպես կանոն լրիվ հակադրվում են ոչ միայն դեռևս հաջողությամբ գործող տեսություններին, այլև իրենց մեջ հաճախ «հավերժական շարժիչի» ատրիբուտներ են կրում։ Չնայած այդ «տեսությունները» մեր հասարակության մեջ չեն արժանանում այնպիսի բուռն քննարկումների, ինչպես ստորև ներկայացվող ռեզոնանսի տեսության քննարկումները, սակայն դրա փոխարեն խիստ ակտիվություն են ցուցաբերում դրանց հեղինակները։ Դրան մասամբ նպաստում են գիտական չինովնիկների անտարբերությունը և ներկայացվող «տեսությունների» նկատմամբ շահագրգիռ մասնագետների անլուրջ վերաբերմունքը։ Մենք նախատեսում ենք հետագա հրապարակումներից մեկում ներկայացնելու քիմիական այդպիսի «տեսություններից» մեկը։ Սակայն կարծում ենք հետաքրքիր կլինի նաև ծանոթանալ քիմիական կառուցվածքի մասին մի շարքային տեսության վերաբերյալ այն արշավին, որն իրականացվել է ԽՍՀՄ-ում անցյալ դարի 40-50-ական թվականներին։
Ներկայացվող հոդվածում փորձ է արված ներկայացնելու խորհրդային գիտության մեջ 1949-1951 թթ. նոր-նոր տարածվող քվանտաքիմիական տեսություններից մեկի` ռեզոնանսի տեսության1 վրա գաղափարական գրոհի որոշ մանրամասներ։ Ցույց է տրված, որ այդ արշավն առավելապես ծիսականն միջոցառումների մի ամբողջություն էր, այլ ոչ թե գիտական բանավեճ։
Այդ գրոհներին նախորդել են 1946-48 թթ. տեղի ունեցած մի քանի չարաբաստիկ իրադարձություններ` ««Զվեզդա» և «Լենինգրադ» պարբերականների մասին» (1946 թ.), «Դրամատիկական թատրոնների խաղացանկերի և դրանց բարելավման մասին» (1946թ.), ««Մեծ կյանք» ֆիլմի մասին» (1946թ.), «Վ.Մուրադելիի «Մեծ բարեկամություն» օպերայի» (1948 թ.) մասին ՀամԿ(բ)Կ ԿԿ որոշումները , Վ.Ի.Լենինի անվան գյուղատնտեսական գիտությունների Համամիութենական Ակադեմիայի «Իրադրությունը կենսաբանական գիտությունում» թեմայով նստաշրջանին (1948) և մի քանի այլ որոշումներին։
Հակառեզոնանսային արշավը սկսվել է խորհրդային մամուլում մի քանի մերկացնող և քննադատող ելույթներից, բարձրացել է օրգանական քիմիայում կառուցվածքի տեսության խնդիրների վերաբերյալ Համամիութենական խորհրդակցության մակարդակին (1951 թ.) և ավարտվել է մի քանի առավել նեղ մասնագիտական խորհրդակցություններով և որոշ կադրային փոխատեղություններով։
Այդ արշավը հետխորհրդային նորանկախ պետությունների մամուլում վաղուց արդեն ստացել է իր արժանի գնահատականը։ Ներկա հոդվածի բուն նպատակը ոչ թե խնդրո առարկայի վերաբերյալ արդեն հնչած գնահատականների վերարտադրությունն է (չնայած դա նույնպես պակաս հետաքրքիր չէր լինի, քանի որ այդպիսիք համարյա բացակայում են հայկական մամուլում), այլ այդ գրոհների սանձազերծման բուն հիմքերի և նպատակների վեր հանումը։
Ըստ ամերիկացի սովետոլոգ և գիտության պատմաբան Լ.Գրեհեմի, որի գիրքը ռուսերեն թարգմանությամբ լույս է տեսել համեմատաբար վերջերս, հակառեզոնանսային արշավը, ինչպես նաև հայրենական պատերազմից հետո ԽՍՀՄ-ում իրականացված այլ գաղափարախոսական միջոցառումները, պայքարի դրսևորում էր «ինչպես փիլիսոփայության, այնպես էլ բնագիտության ներսում»։ Այն պայքար էր «մի կողմից իսկական գիտնականների, մյուս կողմից անգրագետ պաշտոնամոլների և գաղափարական ֆանատիկոսների միջև»։ Համաձայն Լ.Գրեհեմի, «ռեզոնանսի վերաբերյալ քննարկումները սկսվեցին ֆանատիկոս և ամբիցիոզ, միևնույն ժամանակ մինչ այդ աննշան քիմիկոս Գ.Վ.Չելինցևի կողմից, որին հետագայում դատապարտեցին քիմիայում այնպիսի գերիշխող դիրք գրավելու փորձերի համար, ինչպիսինն ուներ Լիսենկոն կենսաբանության մեջ։ Սկսվելով լիսենկովշչինայի սցենարով, հակառեզոնանսային արշավը սակայն չավարտվեց տեսական քիմիայի խորհրդային դպրոցի ջախջախմամբ, ինչպես դա տեղի ունեցավ կենսաբանության դեպքում։ Գ.Վ.Չելինցևը և մի շարք քիմիկոսներ, որոնք տառապում էին խորհրդային գիտական վերնախավում կտրուկ կադրային փոփոխություններ կատարելու մարմաջով, բարեբախտաբար չստացան խորհրդային ղեկավարության աջակցությունը, որոնք «չէին ցանկանում նվազեցնել քիմիկոսների արդյունավետությունը» ։ Ըստ երևույթին Լ.Գրեհեմի ուշադրությունից դուրս է մնացել սովետական գաղափարախոսական կյանքի ծիսական բնույթը։ Անտիռեզոնանսային արշավը մեկնաբանելով լիսենկովշչինայի չափանիշներով, նա դրանում հիմնականում տեսնում է միայն չիրականացված ջարդերը։ Սակայն 1950-1951 թթ. հակառեզոնանսային միջոցառումներն, ի տարբերություն լիսենկովշչինայի, միայն ծես էին, այսինքն այնպիսի գործողություններ, որոնք զուրկ էին զուտ գործնական նշանակությունից և ուղղված էին հասարակական կարգի արժեքների հաստատմանը։
Լիսենկոյան միջոցառումները, որոնց կիզակետը 1948 թ. տեղի ունեցած գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի նստաշրջանն էր, նույնպես ծիսական բնույթ ունեին։ Համաձայնելով Բ.Ռասելի, Ն.Ա.Բերդյաևի և մի շարք այլ փիլիսոփաների ու սոցիոլոգների հետ, որ խորհրդային կոմունիզմը յուրահատուկ կրոն էր, պետք է ընդունել նաև, որ խորհրդային գաղափարախոսական բոլոր միջոցառումներն ունեին ծիսական բնույթ։ Սակայն լիսենկովյան գործողություններում առաջին տեղում իշխանության համար պայքարն էր, կամ այդ իշխանության ամրապնդումը։ Որոշ չափով այդպիսի բնույթ ուներ նաև 1950 թ. պավլովյան նստաշրջանը։ Այդ նստաշրջանի հետ կապված բոլոր իրադարձությունների բազմերանգության հետ միասին նրանում կարելի է արձանագրել «փոքրիկ լիսենկոների» մի խումբ (Կ.Մ.Բիկով, Ա.Գ.Իվանով-Սմոլենսկի, Է.Շ.Հայրապետյանց և ուրիշներ), որը պայքարում էր իշխանության համար։
1950-1951 թթ. հակառեզոնանսային միջոցառումներն այլ կերպ ընթացան։ Դրանց իմաս¬ը Մարքսի-Էնգելսի-Լենինի-Ստալինի «ամենահաղթ ուսմունքին» և հայրենական գիտությանը հավատարմության երդումն էր։ Ռեզոնանսի տեսությունը և խորհրդային գիտության մեջ դրա ջատագովներ Յա.Կ.Սիրկինը և Մ.Ե.Դյատկինան (հաճախ նաև Մ.Վ.Վոլկենշտեյնը, Ա.Ի.Կիպրիյանովը և Մ.Ի.Կաբաչնիկը (որի սեմինարներին ինձ բախտ է վիճակվել մասնակցելու իմ ուսանողական տարիներին` ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի էլեմենտ-օրգանական քիմիայի ինստիտուտում), լոկ որպես մատաղացու գառների էին դիտվում։ Խորհրդային գիտնականները, կատարելով ծիսային պարը և զոհաբերելով բավական մասնակի մի տեսություն, առանց որի, ինչպես նրանք էին համարում, կարելի է յոլա գնալ, սկսեցին զբաղվել իրենց առօրյա գործերով։
Ոչ միայն Լ.Գրեհեմը, այլև հակառեզոնանսային արշավի մասին գրող շատ այլ պատմաբաններ այն անվանում են քննարկում (դիսկուսիա)։ Սակայն փաստերը վկայում են այն մասին, որ 1950-1951 թթ. ոչ մի քննարկում էլ չի եղել։ Խաղն ընթացել է մեկ դարպասի վրա` խորհրդային քիմիայի լավագույն ուժերը ռմբահարում էին բավական մասնավոր քիմիական մի տեսություն, ընդ որում ոչ թե քիմիայի կամ ֆիզիկայի տեսանկյունից, այլ իշխող գաղափարախոսության դիրքերից։ Քննարկումը նախորդել է հակառեզոնանսային արշավին, սակայն այդ քննարկումը սկզբում չեր վերաբերում ռեզոնանսի տեսությանը։ Սկսած 1946թ. Գ.Վ.Չելինցևը, որին Լ.Գրեհեմը հակառեզոնանսային արշավի հիմնական դրոշակակիրն է համարում, «ԽՍՀՄ ԳԱ տեղեկագրում» հրապարակեց մի շարք հոդվածներ, որոնցում շարադրված էր իր «նոր կառուցվածքային տեսության» դրույթները, որոնք կոչված էին դառնալու քիմիայի և, մասնավորապես, օրգանական քիմիայի հիմքը հանդիսացող «մեխանիստական» քվանտային քիմիայի հակակշիռը։ 1949 թ. լույս տեսավ նրա «Օրգանական քիմիայի տեսության ակնարկներ» գիրքը։ Գ.Վ.Չելինցևին պատասխանեց խորհրդային քիմիայի անվիճելի հեղինակություններից մեկը` ակադեմիկոս Ա.Ն.Նեսմեյանովը, որը չեղյալ հայտարարեց նրա «նոր կառուցվածքային քիմիան» և նրա ստեղծողին որակեց որպես տեսականորեն անտեղյակի։ Այդ քննարկումների ժամանակ շոշափվել է նաև ռեզոնանսի տեսությունը, քանզի Գ.Վ.Չելինցևն ամբողջ ավանդական տեսական քիմիայի հետ միասին նաև դա էր նշել։ Սակայն ռեզոնանսի տեսության մասին Ա.Ն.Նեսմեյանովը վերջին անգամ դրական է արտահայտվել 1949 թ.։ Այնուհետև իրադարձությունները զարգացան հետևյալ կերպ. 1949 թ. այդ տեսության դեմ կրակահերթ արձակվեց միաժամանակ մի քանի թնդանոթներից։ Այդ թվականին «Փիլիսոփայության հարցեր» ամսագրում (№3,1949 թ.) միաժամանակ հայտնվեցին երկու հոդված, որոնք «մերկացնում էին» ռեզոնանսի տեսությունը։ Առաջինը Մոսկվայի պետական համալսարանի երիտասարդ քիմիկոսներ Վ.Մ.Տատևսկու և Մ.Ի.Շահպարոնովի բավական կտրուկ տոնով հոդվածն էր, որտեղ ռեզոնանսի տեսությունը խարազանվում էր որպես մախիստական, իսկ այդ տեսության վրա կառուցված Յա.Կ.Սիրկինի և Մ.Ե.Դյատկինայի «Քիմիական կապը և մոլեկուլի կառուցվածքը» գիրքը որակվում է որպես «մախիզմի և կոսմոպոլիտիզմի գաղափարախոսությամբ տոգորված»։ Մյուս հրապարակումը, որում ռեզոնանսի տեսությունը համարվում էր այնպիսի տեսություն, որտեղ Հեգելի իդեալիստական փիլիսոփայության նման «արտացոլումը ներկայացվում էր որպես արտացոլվող օբյեկտ», պատկանում էր Օ.Ա. Ռեուտովին ։ 1949 թ. լույս տեսավ ևս մեկ հոդված, որը փաստորեն որոշեց ռեզոնանսի տեսության ճակատագիրը։ Դա տխրահռչակ Ա.Ա.Ժդանովի որդի և ԽՄԿԿ ԿԿ գիտության բաժնի վարիչ Յու.Ա.Ժդանովի (ծնվ.1919 թ.) հոդվածն էր։ Այդ հոդվածում ռեզոնանսի տեսության վերաբերյալ միայն մեկ նախադասություն կար, որը սակայն ունեցավ ազդանշանային հրթիռի դեր, քանի որ Յու.Ա.Ժդանովը դասական քիմիական բանաձևերից դժգոհ «ռեզոնանսի տեսաբանների» վերաբերյալ բարյացակամ չէր արտահայտվել։
1950 թ. Ա.Ն.Նեսմեյանովը, քննարկելով ռեզոնանսի և մեզոմերիայի միջև տարբերությունները , միացավ ռեզոնանսի տեսության քննադատներին։ Ճիշտ է, լինելով կուլտուրական և դաստիարակված մտավորական մարդ, նա զերծ մնաց գիտական տեսությունը մախիզմ անվանելուց և մախիզմ որակեց այդ տեսության ստեղծողի` Ուելանդի մոտեցումը։ Այսպես թե այնպես, «հեղինակի» և «տեսության» միջև բարակ միջնորմն աստիճանաբար վերացավ և Օրգանական քիմիայի ինստիտուտի Գիտական խորհրդում ու օրգանական քիմիայում քիմիական կառուցվածքի տեսության վիճակին նվիրված Համամիութենական խորհրդակցությունում «ռեզոնանսի մախիստական տեսություն» բառերն այնպիսի հեշտությամբ ու հաճախ էր արտասանվում, ինչպես «խորհրդային գիտության նվաճումները» արտահայտությունը։ Ելույթ ունենալով Գիտական խորհրդի նիստին, Ա.Ն.Նեսմեյանովը կոչ արեց ավելի խորը քննադատել ռեզոնանսի տեսությունը, միաժամանակ քննադատության սլաքն ուղղելով նաև դեպի իր սեփական այն աշխատանքները, որտեղ կարող էին նկատվել այդ տեսությունը պաշտպանող մտքեր։ Այսինքն նա յուրահատուկ գիտական «հարակիրի» արեց։ Հետագայում նա այդ «իմաստուն» քայլի շնորհիվ ոչ միայն խուսափեց տհաճություններից, այլև գիտական ասստիճանասանդղակում (հիերարխիայում) բարձրագույն պաշտոններ ստացավ։
Հանուն ճշմարտության անհրաժեշտ է նկատել, որ ռեզոնանսի տեսության քննադատությունը տարվել է ոչ միայն մարքսիզմ-լենինիզմի դիրքերից։ Վ.Մ.Տատևսկու և Մ.Ի.Շահպարոնովի վերն արդեն նշված և դրան հետևած «Ֆիզիկական քիմիայի ամսագրում» Վ.Մ.Տատևսկու հոդվածներում փորձ է արվել գիտական քննադատության ենթարկել ռեզոնանսի տեսությունը։ Դրանցում խոսքը գնում էր ռեզոնանսի և քվանտային կուռ տեսության անհամատեղելիության մասին։ Սակայն ռեզոնանսի տեսության քննադատության այդ առողջ շիթն աննկատ մնաց խորհրդային քիմիկոսների գիտական հանրության համար։ Ճիշտ է դրա արդյունքում ի հայտ եկավ «ռեզոնանսի ֆիզիկական առումով սնանկ և գաղափարապես վնասակար տեսություն» ձևակերպումը, սակայն այդ արտահայտության երկրորդ մասն առավել ընդգծված էր արտաբերվում։ Եթե 1951թ Համամիութենական խորհրդակցության կազմակերպիչներն իրոք ցանկանային գիտական հիմնավորումներով մաքրել հաշիվները ռեզոնանսի տեսության հետ, նրանք անպայման ստիպված կլինեին հիշելու մոլեկուլային օրբիտալների (ՄՕ) տեսությունը` քվանտաքիմիական այն տեսություններից մեկը, որն ի հայտ է եկել ռեզոնանսի տեսության հետ համարյա միաժամանակ2։ ՄՕ տեսությունը մոլեկուլի կառուցվածքի և քիմիական կապի հիմնախիրներին վերաբերող հարցերում հիմնական տեսությունը լինելու իրավունքի համար մրցակցում էր ռեզոնանսի տեսության հետ։ Դեռևս անցյալ դարի 30-ական թվականներին Վ.Հյուկելի կողմից ՄՕ մեթոդն օգտագործվել է ռեզոնանսի տեսությամբ ստացված արդյունքների քննադատական գնահատման նպատակով։ 40-ական թվականներին ամերիկացի գիտնական Հ.Կ.Լոնչետ-Հիգտինսը համադրում էր հաշվարկային այն արդյունքները, որոնք ստանում էր, օգտագործելով ՄՕ մեթոդը և ռեզոնանսի տեսությամբ։ Եվ ամենագլխավորը, որ արդեն 50-ական թվականների սկզբին ՄՕ տեսությունը սկսեց երկրորդ պլան մղել ռեզոնանսի տեսությանը։
Նեկայումս այդ երկու մոտեցումները, որոնք իրար փոխլրացնում են, այլ ոչ թե հակադրվում, հաջողությամբ օգտագործվում են քիմիական կապի հիմնախնդիրներով զբաղվող մասնագետների կողմից։
Զարմանալի է, բայց փաստ, որ հակառեզոնանսային արշավի ժամանակ և մինչև անգամ նրա գագաթնակետին` քիմիական կառուցվածքի տեսության հարցերով Համամիութենական խորհրդակցության ժամանակ, ՄՕ տեսության մասին ընդհանրապես ոչինչ չի ասվել։ Փաստորեն բուռն պայքար էր մղվում մի «հրեշի» դեմ, որը վաղուց գլխատված էր։ Դրա պատճառը կայանում է նրանում, որ ռեզոնանսի տեսության քննադատությունը կատարվում էր համարյա բացառապես տիրապետող գաղափարախոսության տերմիններով` մախիզմ, մեխանիցիզմ, մտածողության խնայողության սկզբունք և այլն։ Ընդսմին, այս համատեքստում չի կարելի աննկատ թողնել մի բացառություն։ ՄՕ տեսությունն այնուամենայնիվ հիշատակվել է ռեզոնանսի տեսության ջատագովներ Յա.Կ.Սիրկինի և Մ.Գ.Դյատկինայի «զղջման» ելույթներում։ Սակայն նրանք անդրադարձել են այդ տեսությանը, միայն ինչ-որ կերպ արդարանալու համար, նշելով, որ նրանք իրենց հաշվարկներում հրաժարվել են ռեզոնանսի տեսությունից և օգտագործում են ՄՕ տեսությունը։ Չի բացառվում, իհարկե, որ ՄՕ տեսության մասին հիշատակումներից խուսափելն ուներ նաև այլ բացատրություն։ Այն վկայում է նաև ԽՍՀՄ-ում քվանտային քիմիայի թույլ զարգացվածության մասին։ Փաստորեն գիտության այդ բնագավառում Յա.Կ.Սիրկինի դպրոցը չուներ արժանի մրցակից, իսկ այդ դպրոցը հետպատերազմական առաջին տարիներին սերտորեն կապված էր հատկապես ռեզոնանսի տեսության զարգացման և պրոպագանդման հետ։ Համենայն դեպս առաջին բացատրությունը չի բացառում երկրորդը։ Եթե մինչև անգամ հնարավոր լիներ ռեզոնանսի տեսության վերաբերյալ կազմակերպելու գիտական քննարկումներ, ապա այդ քննարկումներն այն ծեսի շրջանակներում, որը պլանավորվել էր, անհնար էր իրականացնել։
Արդեն հիշատակված 1951 թ, Համամիութենական խորհրդակցության ավարտին ընդունվեց Ի.Վ.Ստալինին ուղղված նամակ։ Ունենալով ամբողջովին ծիսական բնույթ, հակառեզոնանսային արշավը հանգեցրեց մարդկային տառապանքների, ի հայտ բերեց բազմաթիվ աղտեղություններ և, որ ամենավնասակարն է, մեծ վնաս հասցրեց տեսական քիմիային։ Դա էլ հենց դրված է գաղափարախոսական ծեսի հիմքում. հակառակ պարագայում ծեսը չէր հիշվի։ Յա.Կ.Սիրկինը և Մ.Գ.Դյատկինան հեռացվեցին Լ.Յա.Կարպովի անվան Ֆիզիկաքիմիական ինստիտուտից։ Յա.Կ.Սիրկինը հեռացվեց նաև Նուրբ օրգանական տեխնոլոգիայի ինստիտուտի ֆիզիկական քիմիայի ամբիոնի վարիչի պաշտոնից։ Մ.Վ.Վոլկենշտեյնը ժամանակավորապես մեկուսացվեց դասախոսական աշխատանքից, իսկ մի այլ «ռեզոնանսիստ»` Ա.Ի.Կիպրիյանովը, որոշակի դժվարություններ ունեցավ իր հոդվածների հրատարակման հարցերում։ Իսկ Ա.Ն.Նեսմեյանովը, որը Գ.Վ.Չելինցեվի հիմնական թիրախն էր, 1951թ. դարձավ ԽՍՀՄ ԳԱ Նախագահը, այսինքն զբաղեցրեց պետության բարձրագույն պաշտոններից մեկը, որովհետև շատ շուտ հասկացավ հակառեզոնանսային արշավի ծիսականն բնույթը և ժամանակին հրաժարվեց իր գաղափարներից։
Ամփոփելով հակառեզոնանսային արշավի վերաբերյալ որոշ իրադարձությունների խիստ համառոտ շարադրանքը, հարկ ենք համարում նշել, որ այն գիտության մեջ բազմաթիվ ծիսականն արշավներից մեկն է միայն։ Այդպիսի ծեսերի օրինակներ կարելի է գտնել նաև խրուշչևյան և բրեժնևյան ժանակաշրջաններից։ Սակայն բերված օրինակը բավարար է դրանց ներուժը պատկերացնելու համար ։

Ծանոթություններ

1. Հաշվի առնելով, որ բազմաէլեկտրոն մոլեկուլների համար քվանտաքիմիական հաշվարկների հնարավորությունները սահմանափակ են, քիմիայում առաջացել են քվանտաքիմիական պատկերացումների վրա հիմնված մի քանի մոտավոր մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս որակապես գնահատել մոլեկուլների որոշ չափանիշներ։ Այդպիսի մի մոտավոր մեթոդ է նաև ռեզոնանսի տեսությունը։ Նրանում մոլեկուլի կառուցվածքը մեկնաբանվում է որպես մի քանի «բազիսային» կառուցվածքների համադրություն կամ սուպերպոզիցիա։ Այսպես օրինակ N2O ազոտի ենթօքսիդի մոլեկուլը ներկայացվում է հետևյալ կառուցվածքների համադրությամբ`

N = N = О  ↔ N – N+ = O  ↔ N = N+– О

Հաշվի առնելով վերջին երկու կառուցվածքները, քիմիկոսը հնարավորություն է ստանում բացատրելու այդ նյութի մի քանի յուրահատկություններ, իսկ ոչ բարդ մի քանի պարզ հաշվարկներով կարելի է համեմատել տարբեր մոլեկուլների ռեակցիոնունակությունները։ Ռեզոնանսի տեսությունը, որն անցյալ դարի 30-ական թթ. առաջարկել են Լ.Պոլինգը և Ջ.Ուելանդը, խորհրդային, այդ թվում նաև հայկական, քիմիայի մեջ է թափանցել դեռևս նախապատերազմական տարիներին, իսկ պատերազմին հաջորդող առաջին տարիներին տիրապետող է դարձել խորհրդային օրգանական քիմիայում։
2. ՄՕ տեսությունը մոլեկուլը մեկնաբանում է որպես «միավորված ատոմներ», այսինքն համարում է, որ ինչպես ատոմներում էլեկտրոնների վիճակը կարելի է նկարագրել միակենտրոն ատոմական օրբիտալների միջոցով, այնպես էլ մոլեկուլում այն կարելի է նկարագրել բազմակենտրոն մոլեկուլային օրբիտալների միջոցով։ Այս երկու մոտեցումներն էլ հիմնված են մոլեկուլի վերաբերյալ քվանտամեխանիկական պատկերացումների վրա և դրանց հիմքում ընկած են տարբեր մոտավորություններ։

Հեղինակ՝ Օլեգ Քամալյան

ԵՊՀ ֆիզիկական քիմիայի ամբիոնի պրոֆեսոր, քիմիական գիտությունների դոկտոր

Դիտեք նաև

Գունագեղ ջերմաչափ – ՔՐՈՄ

Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակում Ք (հայկակա այբուբենի 36-րդ տառը) տառով սկսվող անուն ունի քրոմը։ ...

2 մեկնաբ.

  1. Было юы лучше, если бы автор толком объяснил, что такое резонанс и какие данные были получены с его помощью. Уверен- родись автор в тех временах,он встал бы рядом с Шахпароновым.

  2. Խորհուրդներ տալու փոխարեն լավ կլիներ ՌԱՄԱՆ-ը մի որևէ հետաքրքիր նյութ տրամադրեր բլոգին: Ինչ վերաբերում է նրան, թե ես ում կողքը կկանգնեի, ապա նա պետք է որ լավ իմանա, որ ես ինքս առանձին կողմ եմ հանդիսանում և չեմ ընկրկում իմ սեփական կարծիքը հայտնել ցանկացած երևույթի մասին, այն էլ բացահայտ, այլ ոչ թե պատերի տակ: Իսկ ռեզոնանսի տեսության էության մասին ասված է այդ հոդվածի վերջում, առաջին ծանոթության մեջ: Իսկ ովքեր դրանով շատ են հետաքրքրվում, ապա կարող են դրա մասին կարդալ բազմաթիվ գրքերում:

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Time limit is exhausted. Please reload the CAPTCHA.