Շաբաթ , Հունիս 24 2017
Գլխավոր / ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ / Կրկին ինչուներ…

Կրկին ինչուներ…

Ռ. Ադամյան, Ս. Վարդապետյան ԵՊՀ
Ֆ. Ալեքսանյան, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ

Ինչո՞ւ է թեյը համով և բուրումնավետ, ունի գեղեցիկ ու հաճելի գույն, իսկ խմելիս մենք զգում ենք նրա թարմացնող ազդեցությունը։

կանաչ թեյԱյդ հարցերի պատասխանները մասնագետներին վաղուց հայտնի են, սակայն ինչ-որ բաներ հնարավոր է ստուգել նաև «տնային լաբորատորիայում»։ Դրա համար անհրաժեշտ է «զոհաբերել» երկու տուփ (յուրաքանչյուրը` 50 գրամ) կանաչ թեյ, կարելի է օգտվել նաև սև թեյից, բայց դա լավագույնը չէ։

Թեյի տերևների բջիջները պարունակում են կատեխինների դասին պատկանող դաբաղող նյութեր` տանիդներ, ինչպես նաև գալլաթթվի կատեխինների էսթերներ։ Օրինակ` ցեյլոնյան թեյի տանիդները պարունակում են էպիկատեխին-գալլատ և գալլոկատեխին-գալլատ, որոնք բարդ կառուցվածքներով օրգանական միացություններ են։ Կանաչ թեյում տանիդներն ավելի շատ են, հետևաբար, ավելի նպատակահարմար է մեր փորձի համար օգտվել կանաչ թեյից։

Փորձեր թեյի հետ.

Փորձ 1. 1,5 լ տարողությամբ մետաղյա էմալապատ ամանի մեջ լցնում են 100 գ կանաչ թեյ, ավելացնում 200 մլ տաք ջուր և եռացնում մոտ մեկ ժամ։ Ստացված լուծույթը զտում են երկտակ ծալած բամբակե գործվածքով և գործվածքի վրայի նստվածքը լվանում 200 մլ տաք ջրով։

թեյՍտացված բաց կանաչավուն լուծույթին ավելացնում են 35 գ կապարի ացետատ` Pb(CH3COO)2. վերջինս հայտնի է նաև «կապարային շաքար» անվանումով` տեսքով շաքարին շատ նման լինելու պատճառով, բայց խիստ թունավոր է և համտեսել չի կարելի։ Նստվածքը պարզվածքազատում են և մի քանի անգամ լվանում տաք ջրով (յուրաքանչյուր անգամ օգտագործելով 300 մլ)` մինչև Pb2+– իոնների լրիվ հեռացումը։ Pb2+– իոնների չնչին քանակները ստուգելու համար լուծույթից վերցնում են մի քանի մլ, փորձանոթում ավելացնում ծծմբական թթվի նոսր լուծույթ, և եթե առաջանում է սպիտակ նստվածք, նշանակում է, որ Pb2+– իոնները լրիվ չեն հեռացել։

Կապարի տանատի նստվածքը զտում են ապակե բամբակով և ապա լվանում ծծմբական թթվի 1 %-անոց լուծույթի 50 մլ-ով։ Զտվածքը լցնում են քիմիական բաժակի մեջ և ստուգում  իոնների ավելցուկի առկայությունը BaCl2 – ի լուծույթով։ Եթե դրանք առկա են, ապա նստեցնում են` կաթիլ առ կաթիլ ավելացնելով Ba(OH)2 – ի 5 %-անոց լուծույթ և զտելով հեռացնում BaSO4 – ի նստվածքը։

Մնացած թափանցիկ լուծույթը ջրային բաղնիքի վրա գոլորշիացնում են մինչև չորանալը։ Բաժակի հատակին մնում է թեյի տանինը։ Այն կարելի է մանրացնելով դարձնել փոշի և պահել խցանով ամուր փակված մուգ ապակյա ամանում։ Տանինի ելքը 5-7 գ է։

Այժմ տանինին բնորոշ մի քանի ռեակցիաների մասին.

Փորձ 2. 40 մլ ջրում լուծում են 0,5 գ տանին և վրան ավելացնում մի քանի մլ FeCl3-ի լուծույթ. նկատվում է լուծույթի սև կանաչավուն գունավորում։ Այդ լուծույթը ոչ այլ բան է, քան թանաք։ Գրելու համար այդ թանաքից օգտվել են դեռևս հին ժամանակներում։

taninՓորձանոթում լցնում են 0,3 գ տանին և վրան ավելացնում երեք կաթիլ խիտ աղաթթու. ստացվում է կարմիր գույնի ֆլոբաֆեն, որը տարբեր կետախինինների և դրանց ածանցյալների խտացված արգասիքն է։

0,3 գ վանիլինը լուծում են աղաթթվի 0,2 %-անոց լուծույթում և ավելացնում 0,1 գ տանին. անմիջապես նկատվում է մորու կարմրավուն գունավորում։ Դա կատեխինների հայտնաբերման ամենաբնութագրական ռեակցիաներից է։

Եվ, վերջապես, դեղատներում վաճառվող լյապիսե մատիտը, որ արծաթի նիտրատ է պարունակում, լուծում են 40 մլ ջրում և վրան ավելացնում 1 գ տանին. ստացվում է արծաթի տանատի գորշ նստվածք։

Փորձ 3. Թեյի տերևներում կա նաև կոֆեին, ինչի շնորհիվ թունդ թեյն ունի թարմացնող հատկություն։ Կոֆեինը ալկալոիդ է (ալկալոիդ` ծագում է արաբերեն «ալկիլի» հիմք և հունարեն «էյդոս» տեսք բառերից. նշանակում է հիմքի, ալկալու տեսք ունեցող)։

Ալկալոիդներն ունեն բուսական ծագում, օժտված են թույլ հիմնային հատկություններով, ուստի և փոխազդում են թթուների հետ` առաջացնելով աղեր։

Մեկ թեյի գդալ սև թեյի և 2 գ MgO – ի խառնուրդը հավանգում տրորելով մանրացնում են և տեղափոխում հախճապակե հալանոթի մեջ, այնպես, որ զբաղեցնի հալանոթի 1/3-ը։ Այնուհետև հալանոթի վրա դնում են սառը ջրով լցված ապակե թաս և սպիրտայրոցի վրա զգուշորեն տաքացնում հալանոթը։ Կոֆեինը ցնդում է և ապակե թասի սառը պատերի վրա խտանում անգույն փայլուն բյուրեղների ձևով, ինչը կարելի է հավաքել մաքուր ամանի մեջ։

1301359102_molekula-kofeinaՓորձ 4. Կոֆեինի որակական ռեակցիան. Հախճապակե փոքր հալանոթում լցնում են քիչ քանակությամբ կոֆեին, ավելացնում 2-3 կաթիլ խիտ ազոտական թթու և զգուշությամբ գոլորշիացնում մինչև չորանալը։ Ազոտական թթվի ազդեցությամբ կոֆեինն օքսիդանում է և արդյունքում ստացվում նարնջագույն ամալինային թթու։ Եթե այդ թթվի վրա ավելացնենք ամոնիակաջուր, ապա կառաջանա մուգ կարմիր նստվածք, որը մուրեքսիդ կոչվող աղն է։ Այդ ռեակցիան հայտնի է «կոֆեինի մուրեքսիդային ռեակցիա» անվանումով։

Բացի վերը նշված նյութերից թեյի տերևները պարունակում են նաև եթերայուղեր, վիտամիններ, ածխաջրեր և այլ օգտակար նյութեր։

II

36.6Ինչու՞ է մեր մարմնի ջերմաստիճանը 36,6 o

Շատ յուրօրինակ և հետաքրքիր վարկած է առաջարկվում այդ կապակցությամբ։

Հայտնի է, որ քրոմը հանկարծակի թռիչքաձև փոխում է ջերմունակությունը, առաձգականության մոդուլը, տեսակարար էլեկտրահաղորդականությունը, գծային ջերմային ընդարձակումը։ Ընդ որում, այդ փոփոխությունները տեղի են ունենում ոչ թե բացարձակ զրոյին մոտ ջերմաստիճանում կամ մետաղի կարմիր շիկացման լուսարձակման մարզում, այլ տաքարյուն կենդանիների մարմնի նորմալ ջերմաստիճանում։

Այս թեմայով կարդացեք նաև Գունագեղ ջերմաչափ – ՔՐՈՄ

Այս զուգադիպությունը հանգեցնում է այն վարկածին, որը բացատրում է, թե ինչու՞ ամենատարբեր տաքարյուն կենդանիների մարմնի նորմալ ջերմաստիճանը միջինը 37,8 oC է` 4-6 աստիճան շեղումով, այն դեպքում, երբ երկրագնդի վրա ջերմաստիճանների տատանման միջակայքն առավել քան մեծ է։

Թվում է, թե էվոլյուցիայի ընթացքում ցուրտ շրջանների բնակիչների համար պետք է հաստատվեր նորմալ ջերմաստիճանի մի որոշակի արժեք, իսկ հասարակածային շրջանների բնակիչների համար` մեկ այլ, ինչը տրամաբանական կլիներ կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիայի նվազագույն ծախսի տեսանկյունից։
Սակայն կենդանի բնության մեջ այդպես չէ, ինչը հարուցում է մասնագետների զարմանքը։
Ամեն անգամ, եթե չկա համոզիչ հիմնավորում, առաջանում են վարկածներ, որոնցից մեկն էլ այսպես կոչված «քրոմային վարկածն» է, որի հիմքում ընկած է քրոմի «շեղված» հատկությունների և տաքարյուն կենդանիների մարմնի միջին նորմալ ջերմաստիճանների համընկնումը (մոտ 37 oC-ում)։

Քրոմը ԴՆԹ-ում և կենսամոլեկուլներում առկա 50 միկրոտարրերից մեկն է։ Բնության մեջ այն բավականաչափ տարածված և ցրված է, իսկ կենդանիներն ու մարդիկ դրանից բավականաչափ ստանում են սննդի հետ։

Եվ ահա, թե ինչն է կարևոր. կան տարածված տեղեկություններ, որ իբր տաքարյուն կենդանիների օրգանիզմում քրոմի պարունակությունը առավել մեծ է մարմնի ծայրամասերում, որտեղ ջերմաստիճանը փոխվում է շրջակա միջավայրի հետ շփումից, իսկ լավ մեկուսացված ներքին օրգաններում` հիպոֆիզում, մակերիկամներում, թոքերում, աղիներում, այն փոքր է։

Հնարավոր է, իսկապես, քրոմն էվոլյուցիայի ընթացքում դարձել է վճռական դերակատարում ունեցող նյութ այն ջերմաընկալիչների և նյարդային վերջույթների համար, որոնք տեղեկատվություն են հավաքում օրգանիզմի վրա ազդող ջերմային հոսքերի փոփոխության մասին։

Արդյո՞ք այդ ընտրությամբ չի պայմանավորված տաքարյուն կենդանիների մարմնի ջերմաստիճանը։ «Քրոմային վարկածով» հնարավոր է բացատրել ջերմաընկալիչների գերբարձր զգայունության պատճառը։

Եվ իրոք, արդյո՞ք չի կարելի այդ գերզգայնությունը բացատրել ջերմաստիճանի տատանումների փոքր միջակայքում քրոմի հատկությունների կտրուկ փոփոխությամբ։
Արդյո՞ք քրոմի այդ հատկությունը չի օգտագործվում օձերի «ջերմորսիչներում», որոնք գտնվում են քթանցքերի և աչքերի մեջտեղում գտնվող հատվածում։ Շառաչող օձի «ջերմորսիչն» ընդունակ է արձագանքելու աստիճանի հարյուրերորդական մասի տատանումներին, ինչը հնարավորություն է տալիս գիշերով որսալ մկներ։

Արդյո՞ք այդքան զգայուն «ջերմորսիչի» ընկալիչի պատասխանատուն քրոմի մասնիկները չեն, որոնք խտացված են նյարդային հյուսվածքներում։

Ժամանակակից անալիզի եղանակները հայտնաբերում են կամայական միկրոտարր պատրաստուկում, եթե դրա պարունակությունը փոքր է անգամ 10-12 գրամից։ Այդ առումով չափազանց հետաքրքիր կլիներ ուսումնասիրել մարդու և կենդանիների ջերմաընկալիչները և հատկապես` օձերի «ջերմորսիչները»։ Քրոմի հնարավոր բարձր պարունակությունն այդ հյուսվածքներում` համեմատած այլ ոչ ջերմազգայուն հյուսվածքներում քրոմի փոքր պարունակության հետ, կարող է հիմք հանդիսանալ «քրոմային վարկածի» հաստատման համար։

Գրականություն

1. Գիտությունը և կրթությունը Արցախում, 2011, 3-4, 98-101։
2. Химия и жизнь, N 6, 1976, с. 74-75.
3. Химия и жизнь, N 9, 1976, с. 77-80.

Հրապարակված է. Կրթությունը և գիտությունը Արցախում, 3-4, 2012, էջ 212-214

Հեղինակ՝ Ռոբերտ Ադամյան

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի անօրգանական քիմիայի դոցենտ, քիմիական գիտությունների թեկնածու:

Դիտեք նաև

Քիմիան օգնության է շտապում տնային տնտեսուհիներին: Ազատվում ենք յոդի հետքերից

Ինչպե՞ս հագուստը մաքրել յոդի հետքերից Յոդի հետքերը հագուստից կարելի է հեռացնել անուշադրի սպիրտով: Այլ մեթոդ. ...

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Time limit is exhausted. Please reload the CAPTCHA.